Թերթի հարցերին պատասխանել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը.  

Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական զարգացումների ընթացքը. կադրային վերջին վերադասավորումները ի՞նչ տվեցին իշխանություններին, ի՞նչ ռեսուրսներով է ընդդիմությունը մոտենում քաղաքական աշնան «վերջնագծին»։

Այն, որ ընտրական գործընթացի այս փուլում սպասվում էր քաղաքական ուժերի ակտիվացում, պարզ էր ի սկզբանե։ Ես կառանձնացնեմ նախընտրական ակտիվության երկու ուշագրավ միտում։

Առաջինը «տեմպի» կորուստն է, որ ընդդիմադիր ՀԱԿ-ը արձանագրել է նախընտրական արշավի նախաշեմին, ինչը օրինաչափ է։ Ըստ էության, դա պայմանավորված էր բուն ՀԱԿ-ի որդեգրած ռազմավարությամբ։ Բանն այն է, որ ՀԱԿ-ը, մի կողմից, համագործակցության մեջ մտավ` երկխոսություն սկսեց իշխանությունների հետ, մյուս կողմից` ընտրազանգվածը պահելու համար փորձեց շարունակել արմատական հռետորաբանությունը, «խաղալով երկու լարի վրա»` հայտնվեց երկիմաստ իրավիճակում եւ կորցրեց իր արմատական հետեւորդների մի մասի վստահությունը։

Երկրորդ ուշագրավ «սյուժեն», որ ծավալվում է քաղաքական զարգացումների այս փուլում, ներկոալիցիոն հակասություններն են։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ԲՀԿ-ի շուրջ, այլեւ Հանրապետականի ներսում ընթացող խմորումներին։

Կարծում եք, իշխանության ներսում իսկապե՞ս լուրջ խնդիրներ, կենտրոնախույս տրամադրություններ կան։

Բազմիցս ասել եմ` իշխանությունը միատարր չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել։ Այնտեղ կան տարբեր հոսանքներ, տարբեր խմբեր, որոնք մրցում են իրար հետ։

Համակարգի ներսում կա եւ բազմակարծություն, եւ մրցակցություն, եւ պայքար։ Եվ, ի դեպ, սա նոր երեւույթ չէ` այդ միտումը ուրվագծվում էր դեռեւս 2007-ի խորհրդարանական ընտրություններից առաջ եւ նույնիսկ ավելի վաղ։

Եթե այս երեւույթը դիտենք ավելի լայն համատեքստում` ընտրական գործընթացներից դուրս, ապա այն, ինչ այսօր տեղի է ունենում կառավարման ապարատում, երեկ չի սկսվել։ Կարող եք անվանել դա վերնախավային հեղափոխություն, վերնախավի փոփոխություն, էվոլյուցիա, վերակառուցում` ինչպես կուզեք։ Իրողությունն այն է, որ տեղի է ունենում իշխող վերնախավի վերակազմավորում, որ սկսվել է 2008թ. նախագահական ընտրություններից հետո։

Ըստ էության, պայքարը ոչ թե «արտաքին հակառակորդի» դեմ է, երբ իշխանությունը համախմբվում է ընդդիմության ճնշմանը կամ արտաքին սպառնալիքին դիմակայելու գաղափարի շուրջ, այլ իշխող վերնախավի ներսում. իշխանությունից հեռանում են առանցքային դեմքեր, որոնք լուրջ ազդեցություն ունեն քաղաքականության վրա։

Ինչո՞վ այս ամենը կվերջանա, սա կբերի՞ համակարգային փոփոխությունների, թե՞ ոչ` կարելի է վստահաբար ասել միայն 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո։ Բայց մի բան պարզ է արդեն այսօր` այդ երեւույթը կա, եւ սա, կարելի է ասել, երրորդ վերնախավային հեղափոխությունն է Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում։