Ղրղզստանի բնակչի տանը հայտնաբերվել է Ուզբեկստան տանող թունել: Այս մասին հայտնում է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի (ԱԱՊԿ) մամուլի ծառայությունը։

Այն փորվել է 15 մետր խորության վրա, երկարությունը՝ 130 մետր։ Նշվում է, որ տղամարդու տնից մինչև Ուզբեկստանի սահմանը 50 մետր հեռավորություն է։

Թունելը սկսվել է տան սենյակներից մեկի հատակի տակից, և կառույցի բարձրությունը գրեթե հասել է մարդու բարձրությանը։ Հայտնաբերված թունելն օգտագործվել է մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու և մարդկանց տեղափոխելու համար։ Որպես ապօրինի գործողությունների ենթադրյալ կազմակերպիչ, բերման է ենթարկվել տան 38-ամյա սեփականատերը։

Ուզբեկստանի Պետական անվտանգության ծառայության աշխատակիցներն իրենց հերթին հայտնել են Ղրղզստանից ապօրինի կերպով Ուզբեկստան մուտք գործած Ղրղզստանի քաղաքացու ձերբակալության մասին։ Նրա մոտից առգրավվել է ավելի քան 800 բջջային հեռախոս, ինչպես նաեւ 1,74 կիլոգրամ ոսկի։