Վան նահանգի Օզալփի շրջանի Բողազքեսեն գյուղի նախկին գյուղապետ, իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Այդըն Ահին Վանի նահանգապետարանից ստացած 2 բեռնատար օգնությունը թաքցնում է իր տան մեջ։ Այս մասին հայտնում է Firat գործակալությունը։

Նշվում է, որ Բողազքեսեն գյուղի բնակիչները բողոքել են, որ դեռեւս Վանի շատ գյուղերում օգնություն տեղ չի հասել, իսկ իրենց գյուղի նախկին գյուղապետը երկրաշարժից տուժածների համար ստացած օգնությունն իր տուն է տարել։

Գյուղացիները նշել են, որ նախկին գյուղապետ, «Արադարություն եւ զարգացում» կուսակցության անդամ Այդըն Ահին սկզբում գյուղացիներին առաջարկել է վերցնել օգնությունից, սակայն նրան պատասխանել են, որ գյուղում օգնության կարիք ունեցող չկա եւ լավ կլինի, որ այն ուղարկի կարիքավոր գյուղերին։ Սակայն Այդըն Ահին 2 բեռնատար օգնությունը տարել եւ թաքցրել է իր տանը։

Նախկին գյուղապետը հրաժարվել է այս խոսակցությունները մեկնաբանել՝ պնդելով, թե դրանք սուտ են եւ մեկնաբանման կարիք չունեն։