Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր` նոյեմբերի 10-ին, ընդունել է Հայ եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրաքի հայ համայնքի կրթական եւ երիտասարդության հիմնախնդիրներին առնչվող հարցեր:

Տեր Ավագ արքեպիսկոպոսը նախարարին տեղեկացրել է, որ մարզի կրթական գերատեսչության ղեկավարի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2011 թվականի սկզբից Հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաքի պետական դպրոցներից մեկում կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց, որին մասնակցում է շրջանի 44 հայ աշակերտ: Առաջիկայում նախատեսվում է նաեւ հայոց լեզվի դասընթացներ կազմակերպել Իրաքի այլ շրջաններում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել 2012թ. ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում կազմակերպել իրաքահայ երիտասարդների այցելություն Հայաստան:

Հակոբյանը ներկայացրել է Հայաստանում բնակվող իրաքահայերի ինտեգրման ուղղությամբ ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագրերն ու միջոցառումները: 2010թ. նախարարությունն ուսումնասիրել է Հայաստանում բնակվող իրաքահայերի հիմնախնդիրները, մշակել հայեցակարգ: Հայաստանում բնակվող իրաքահայերի ինտեգրման 2011թ. ծրագրի շրջանակներում նախարարությունը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում Հայաստանում բնակվող իրաքահայերի հետ, նախարարության միջնորդությամբ ցուցաբերվում է բժշկական օգնություն, իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաեւ սոցիալական եւ այլ խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագրեր: