Սպառողներին խորհուրդ չի տրվում գնել ապրանքներ, որոնց մակնշումը թերի է կամ սխալ, այլապես վատ հետեւանքներից հնարավոր չի լինի խուսափել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ ապրանքը տրամադրվում է խանութին եւ որեւէ մեկի մտքով չի անցնում, որ կարող է մակնշումը սխալ լինել: Իսկ թե որն է ճիշտ մակնշումը, Բ. Պիպոյանը նշեց, որ նախեւառաջ ապրանքի բաղադրությունը նշված պետք է լինի հայերենով, իսկ եթե օտար լեզվով է, ապա պետք է լինի համարժեք թարգմանություն: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ապրանքի վրա կամ պետք է լինի երկու ամսաթիվ, որոնցից մեկը կվերաբերի արտադրությանը եւ մյուսը` պիտանելիությանը, կամ էլ պետք է նշվի արտադրության օրը եւ թե քանի օր է այն պիտանի: «Եթե նշված է, որ պիտանի է 180 օր, արտադրության օրը` տես տուփի վրա, այդ դեպքում, որեւէ խախտում չկա, իսկ եթե չի նշվում, որ կոնկրետ ինչին է վերաբերում այդ ամսաթիվը, ապա այդ դեպքում խախտում է»,- նշեց նա:
Ի դեպ, Սննդի անվտանգության պետական ծառայությունը մշտադիտարկման շրջանակներում այցելում է տարբեր սուպերմարկետներ եւ ուսումնասիրում մակնշումները: Մակնշման կանոնների խախտման դեպքում, ըստ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի, առավելագույն տուգանքը 100 հազար դրամ է: «Խնդիրը մեխանիզմների մշակումն է, համակարգային մոտեցումը, ինչպե՞ս մշակել այնպիսի մեխանիզմ, որով հնարավոր է կլինի զերծ մնալ նման խնդիրներից»,- նշեց Բաբկեն Պիպոյանը:




























