Իսրայելի ռազմաօդային ուժերը, հնարավոր է, որ սպիտակ ֆոսֆոր պարունակող արգելված զինամթերք օգտագործած լինեն Լիբանանի հարավում «Հեզբոլլահ» շիա կուսակցության զինված թևի դիրքերին հարվածելիս։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տրամադրության տակ է հայտնվել ավիահարվածի տեսագրությունը։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, սպիտակ ֆոսֆորը մոմանման պինդ նյութ է, որի այրման ջերմաստիճանը հասնում է 1500 աստիճան Ցելսիուսի։ «Սա բավարար է մետաղը և մաշկը մինչև ոսկորներն այրելու համար, իսկ դրա քիմիական բաղադրիչները կարող են ներծծվել մարմնի մեջ և հանգեցնել բազմաթիվ օրգանների, այդ թվում՝ լյարդի, երիկամների և սրտի դիսֆունկցիայի»,- ասվում է զեկույցում։
Ապրիլի 17-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ իսրայելական կործանիչները հարված են հասցրել Լիբանանի Բաալբեկում «Հեզբոլլահի» հակաօդային պաշտպանության համակարգին:




























