Հանդբոլի «Վարչապետի գավաթի» խաղարկությում Հայաստանի հանդբոլի հավաքականն զբաղեցրել է երկրորդ տեղը՝  Ուզբեկստանի հավաքականի նկատմամբ 41:33 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ:

Երեւանի «Միկա» մարզահամալիրում տեղի ունեցած խաղին ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Մրցաշարում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Կրասնոդարի մարզի «Բանակի կենտրոնական մարզական ակումբի» թիմը, որն իր վերջին խաղում  65:23 հաշվով պարտության է մատնել Վրաստանի հավաքականին:

Մրցաշարի հաղթող թիմին հաղթական գավաթը հանձնել են Տիգրան Սարգսյանը եւ հանդբոլի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Թոր Լիանը: 

Կառավարության ղեկավարը, շնորհավորելով մրցաշարի մասնակիցներին՝ շնորհակալություն է հայտնել նրանց Հայաստանում կազմակերպված հանդբոլային գեղեցիկ տոնի մասնակիցը դառնալու համար: «Հույս ունենք, որ արդեն ավանդական դարձած այս մրցաշարը մեծապես կնպաստի Հայաստանում հանդբոլի զարգացմանը եւ մասսայականացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Հանդբոլի «Վարչապետի գավաթի» խաղարկությունն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ: