Կանադայում, նոյեմբերի 12-ին, Մոնրեալ քաղաքում մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ավանդական տարեկան հանգանակությունն Ամերիկյան մայրցամաքում:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կանադայում Հայաստանի դեսպանության հովանու ներքո կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել հայ համայնքային կառույցների ղեկավարները եւ խոշոր անհատ ձեռներեցները:

Ներկաներին մանրամասնորեն ներկայացվել է տարիների ընթացքում իրականացված աշխատանքը, բազմաթիվ ընթացիկ ծրագրերը եւ դեռեւս չլուծված խնդիրները: Նշվել է, որ անցյալ տարվա հանգանակության արդյունքում կառուցվել եւ վերանորոգվել են Արցախի ջրամատակարարման ցանցերը, ինչի շնորհիվ հազարավոր մարդկանց խմելու եւ ոռոգման ջրի խնդիր է լուծվել: Այս տարվա հանգանակությունը նախորդի գաղափարի շարունակությունն է լինելու:

Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը երախտագիտություն է հայտնել ներկաներին եւ նշել. «Ձեր բոլորի մասնակցությունը կարեւոր է որքան նյութական, նույնքան էլ բարոյական առումով: Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի համատեղ ջանքերով միայն հնարավոր կլինի հաղթահարել պատմության ներկա փուլում հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերներն ու անլուծելի թվացող խնդիրները»: