Հայ հեղափոխական Դաշնակցության կազմակերպած եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հովանու ներքո Ստեփանակերտում անցած համահայկական համաժողովը ուղղված էր հայկական կողմի համար կարեւորագույն խնդրի լուծմանը։ ԼՂՀ մայրաքաղաքում, հուլիսի 11-ին ընդունված բանաձեւի տեքստից, քաղաքկան գործիչների, Արցախի պաշտոնյաների մեկնաբանություններից կարելի է եզրակացնել, որ այդ միջոցառումը հետապնդում էր հետեւյալ նպատակը՝ Ադրբեջանին եւ միջազգային միջնորդներին ցուցադրել, որ բանակցությունների փուլում հասարակական հանդուրժողականությունը պահպանելու համար տիտանական աշխատանք է պահանջվում հայկական կողմից եւ ավելի մեծ ջանքեր է պահանջվելու բանակցությունների արդյունքի առնչությամբ՝ այս կամ այն փաստաթղթերի ստորագրման փուլում։ Այս ամենից բացի, միջնորդները կարող են համոզվել, որ բանակցություններին մասնակցելու Ստեփանակերտի ամուր դիրքորոշումը ոչ թե անորոշ է, այլ՝ իրական, որի հետ ուշ թե շուտ ստիպված պիտի լինեն հաշվի նստել։

Համահայկական համաժողովում կարեւոր պահ են դարձել դաշնակցության եւ ԼՂՀ իշխանությունների տանդեմային ելույթները, չնայած այն բանին, որ դաշնակցությունը Ղարաբաղում վերջին շրջանում եղել է եւ հիմա էլ ընդդիմություն է։ Համաժողովի անցկացմանը զուգահեռ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչների դիրքորոշման խստացումը խոսում է Ադրբեջանի իշխանությունների անհանդուրժողականության ու Բաքվի գնալով սաստկացող ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան ՀՅԴ ուժերի եւ ԼՂՀ իշխանությունների միասնական համակարգված կեցվածքի ձեւավորման մասին։

Այս առումով առավել ուշագրավ են ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Գեորգի Պետրոսյանի վերջին հայտարարությունները։ «Մենք չենք մասնակցել տվյալ փաստաթղթի քննարկումներին եւ դրա համար ուղղակիորեն ոչ մի պատասխանատվություն չենք կրում։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ առանց ԼՂՀ կամքի ու համաձայնության՝ ցանկացած որոշում անկատար է»,-ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահների Արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։

Ըստ նրա, դժվար է ասել, թե ստեղծված իրավիճակում ինչպիսի որոշում կկայացնի Հայաստանը, սակայն, եթե Լեռնային Ղարաբաղը լիարժեք մասնակցություն ունենար բանակցային գործընթացում, ապա իր մասնակցությամբ կստեղծվեին նոր սկզբունքներ ու մոտեցումներ, պատասխանատվություն, որոնք նա, անկասկած, կվերցներ իր վրա։

Մի կողմից, թե Համահայկական համաժողովի դիրքորոշումն արտահայտող բանաձեւը, եւ թե բանակցությունների ընթացքին ԼՂՀ պարտադիր մասնակցության վերաբերյալ Գեորգի Պետրոսյանի հայտարարությունը արդարացի էր, դեռ ավելին՝ ուշացած։ Բայց, միանգամից ծագում է մի շատ ցավոտ հարց, որը չի կարելի արհամարհել՝ ինչով էին զբաղված դաշնակցականներն ու Արցախի իշխանությունները, երբ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը իշխանության գալուն պես 1998 թ-ին արեց ինչ հնարավոր էր, որպեսզի ԼՂՀ ամբողջապես դուրս գա բանակցային գործընթացից։

Այսինքն, առանց ԼՂՀ մասնակցության ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի լուծման անհնարինությունը Ադրբեջանին եւ միջազգային միջնորդներին ցուցադրելու միտումը կարող է որոշակիորեն չհասնի իր նպատակին՝ հաշվի առնելով, որ այն ներկայացվում է ժողովրդականություն չվայելող կուսակցության անունից։ Ահա կատարվածի եւս մի վտանգավոր հետեւանք. Հայաստանի եւ ԼՂՀ իշխանությունների միջեւ կարեւոր հարցերի շուրջ հակասությունների ձեւավորում, երբ ԼՂՀ իշխանությունները երկար լռությունից հետո վերջապես սկսեցին հրապարակավ արտահայտել գոնե ինչ որ դիրքորոշում, այն էլ հակասող պաշտոնական Երեւանի քաղաքականությանը, նկատի ունենք քննադատությունը Մադրիդյան սկզբունքների առնչությամբ, որին բացարձակապես դրականորեն են վերաբերվում Երեւանի բարձրաստիճան պաշտոնյաները։ Այսուհանդերձ, դժվար թե նման հարցերում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանրապետության իշխանությունների միջեւ լուրջ հակասություններ լինեն։ Ամենայն հավանականությամբ մենք ականատես ենք համակարգված գործողությունների՝ ի պատասխան պաշտոնական Բաքվի անզիջում կեցվածքի։