Հայաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում շարունակական է լինելու: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, հայտարարել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` Հայաստանի ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանի հետ հանդիպման ժամանակ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաեւ Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ Ստեֆան Ռոպերը։

Նախարար Երիցյանը ներկայացրել է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները։ Քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները լայնածավալ են, տարածաշրջանում առաջինը Հայաստանը ստեղծել է Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ, մշակել ԱՌՆ ազգային ռազմավարությունը։ Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունում գործում է Ճգնաժամային կառավարման կենտրոն, որի ստեղծման եւ կայացման գործում կա նաեւ ֆրանսիացի գործընկերների նեդրումը։

Ֆրանսիայի եւ Հայաստանի համագործակցության կարեւոր ուղղություններից է կամավոր հրշեջ-փրկարարների համակարգի ստեղծումը Հայաստանում։

«Տեսնելով Ֆրանսիայում հասարակական հիմունքներով աշխատող հրշեջ-փրկարարների փորձը, այսօր փորձում ենք նման համակարգ ներդնել  Հայաստանի Շիրակի եւ Լոռիի մարզերում։ Կարծում եմ, կամավոր հրշեջ-փրկարարական համակարգի ֆրանսիական տարբերակը լավագույններից է, եւ մենք շատ բան ունենք սովորելու այդ ուղղությամբ», - նշել է նախարարը։

Ստեֆան Ռոպերը Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան անվտանգության հարցերով կցորդ նշանակվելուց անմիջապես հետո ցանկություն է հայտնել այցելել Հայաստան եւ ծանոթանալ մեր երկրների միջեւ առկա համագործակցությանը։

ԱԻ նախարարի ուղեկցությամբ հյուրերը շրջել են Ճգնաժամային կառավարման կենտրոնում, ծանոթացել դրա տեխնիկական հնարավորություններին եւ աշխատանքային պայմաններին։