Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մարզերում ընթացիկ խնդիրների քննարկման նպատակով, այսօր` նոյեմբերի 15-ին այցելել է Գեղարքունիքի մարզ:
ՏԿՆ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությունների ժամանակ փոխվարչապետին զեկուցել են մարզում գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին: Մասնավորապես նշվել է, որ այս տարի մարզի գյուղացիական տնտեսությունները կառավարության սերմնաբուծության եւ սերմարտադրության ծրագրի շնորհիվ կատարել են 20 300 հա աշնանացան, ինչը 6.577 հա-ով գերազանցում է 2010 թ. ցուցանիշը: Նախորդ տարվա համեմատ բարձր է նաեւ բերքատվության ցուցանիշը: Գրեթե բոլոր մշակաբույսերից ստացվել է միջին եւ միջինից բարձր բերք:
Զեկուցվել է սերմացուի վերադարձելիության եւ բաշխման գործընթացի, գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների մասին:
Տեղեկություններ են ներկայացվել նաեւ համայնքների գլխավոր հատակագծերի կազմման ընթացքի մասին: Մարզի 7 համայնքի նախագծեր հաստատված են, 24 համայնքի նախագծեր գտնվում են մշակման կամ հաստատման փուլում, մնացածը չեն սկսել գործընթացը` պատճառաբանելով բյուջեների սղությունը:
Սեւանի ափամերձ 41 համայնքից միայն 12-ը չեն սկսել հատկագծերի մշակման գործընթացը` նույն պատճառաբանությամբ: Ա. Գեւորգյանը մարզպետին հանձնարարել է համայնքի ղեկավարներին հորդորել աշխատանքները կազմակերպել համաձայն ՀՀ քաղաքաշինության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների եւ մյուս համայնքներին եւս առաջարկել բյուջեներում այդ նպատակով գումարներ նախատեսել:
Անդրադարձ է եղել տարբեր կազմակերպությունների միջոցներով մարզի համայնքներում իրականացվող ծրագրերին եւ համայնքների կողմից համաֆինանսավորման ընթացքին: Փոխվարչապետը կարեւորեց համաֆինանսավորման կատարումը` նշելով, որ համայնքների կողմից ստանձնած պարտավորությունները բարեխղճորեն եւ ժամանակին կատարելը հնարավորություն է տալու նոր ծրագրեր իրականացնել մարզերում:
Խորհրդակցության ընթացքում տվյալներ են ներկայացվել մարզում ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման եւ միասնական ընդունարանների տեղակայման համար անհրաժեշտ շենքային պայմանների հատկացման, անապահովության գնահատման համակարգում ընդգրկվելու նպատակով ընտանիքների փաստագրման գործընթացների մասին:
Անդրադարձ է եղել նաեւ մարզի համայնքներում զորակոչիկների հաշվառման ընդհանուր իրավիճակին, ինչպես նաեւ զորահավաքային նախապատրաստության հետ կապված հարցերին:




























