Հայ մեծահարուստները թիկնապահներ չունեն. համենայնդեպս, այդպիսի տպավորություն կստանա հայաստանյան իրականությունից կտրված յուրաքանչյուր ոք` լսելով նրանց:

Ներկայումս Հայաստանի խորհրդարանի օրակարգում է «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք կունենա պահել ոչ ավելի, քան երեք թիկնապահ եւ մեկ ուղեկցող մեքենա:

NEWS.am-ը փորձեց ստանալ հայտնի անձանց գնահատականն այդ օրինագծի վերաբերյալ:

Մանվել Գրիգորյանը թիկնապահ չունի, նա երբեմն շրջում է ավտոբուսներով

«Երկրապահ» կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի հետ անձամբ զրուցել չհաջողվեց. Նրա փոխարեն հարցերին պատասխանեց իր մամուլի քարտուղար Վարդան Վարդանյանը, ով նշեց, թե գեներալը թիկնապահ չունի եւ մեծ շքախմբով չի շրջում:

«Եթե երկրապահն ուխտագնացություն է կազմակերպում, լինում են մեծ խմբերով, ավտոբուսներ են լինում, լրագրողների խմբեր են լինում, երգչախմբեր, պարախմբեր են լինում, բայց դրանք երկրապահի պաշտոնական ուխտագնացություններն են սահմանամերձ շրջաններ»,- նշեց նա:

Դիտարկմանը, որ ԵԿՄ շենքի առջեւ պարբերաբար 045-ով ավարտվող համարանիշներով ջիփեր են կանգնած լինում, որոնք ըստ լուրերի պատկանում են Մանվել Գրիգորյանին, Վարդան Վարդանյանը պատասխանեց, թե դրանք ԵԿՄ անդամների մեքենաներն են: Վարդանյանի պնդմամբ, Մանվել Գրիգորյանը մեկ, երբեմն երկու մեքենայով է լինում` Մանվել Գրիգորյանն իր վարորդի հետ, եւ օգնականը վարորդի հետ, բայց սեւ հագնված, ու սպորտային կազմվածքով թիկնապահներ չունի:

«Երբ կտեսնեք, որ 5-10 մեքենայով ինչ-որ տեղ է գնում, զանգեք, ասեք` ինչո՞ւ էիք խաբում»,- ասաց նա, ինչին ի պատասխան մենք էլ խոստացանք տեսնելու դեպքում անպայման արձանագրել եւ տեղեկացնել:

Մամուլի քարտուղարի խոսքով, թիկնապահ չունի նաեւ ԵԿՄ նախագահի որդին` Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով նոր-նոր է սկսել վարորդ պահել, նախկինում ինքն էր վարում իր մեքենան:

Սամվել Ալեքսանյանն «ախռանա» չունի, օֆիսի աշխատողներին էլ թողել է օֆիսում

Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մեր թղթակցի հետ զրույցում եւս հայտնեց, թե ինքը թիկնապահ չունի: Նրա հետ զրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ.

Ես ախռանա չունեմ:

Իսկ այդ մարդիկ, որ Ձեզ հետ ման են գալիս, ովքե՞ր են:

Իմ հետ ոչ մեկն էլ ման չի գալի:

Մի քանի անգամ տեսել են Ձեզ:

Հնարավոր բան չի, հնարավոր բան չի:

Պարոն Ալեքսանյան, մի անգամ ասացիք, որ Ձեր գրասենյակի աշխատակիցներն են:

Ճիշտ է, այն ժամանակ, երբ բիզնեսով էի զբաղվում, կային, բայց հիմա չեմ զբաղվում, չկան:

Մենա՞կ եք շրջում:

Այո:

Վարորդ էլ չունե՞ք:

Վարորդ ունեմ, օգնական էլ ունեմ: Բայց օֆիսի աշխատողները նստել են օֆիսում արդեն:

Իսկ եթե փողոցում Ձեզ պես հայտնի գործարարի վրա հարձակում լինի, ո՞վ է ձեզ պաշտպանելու:

Ես էլ գործարարությամբ չեմ զբաղվում: Քանի անգամ հայտարարել եմ: