Երեւանում, նոյեմբերի 22-24-ին, տեղի կունենա ԱՊՀ երկրների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների կոնֆերանս «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական եւ վիրտուալ ուսումնասիրություններ» թեմայով:

Կոնֆերանսի ընթացքում կքննարկվեն ինչպես աստղագիտական նորագույն արդյունքներն ու տվյալները, այնպես էլ շրջահայությունները, տվյալների շտեմարանները եւ վիրտուալ աստղադիտարանները: Կոնֆերանսը կազմակերպվում է առաջին տիեզերական թռիչքի 50-ամյա միջոցառումների շրջանակներում, ինչպես արդեն հայտարարվել էր: Կոնֆերանսին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի եւ Տաջիկստանի 50 ուսանողներ եւ երիտասարդ գիտնականներ, ինչպես նաեւ եվրոպացի, ռուս եւ հայ դասախոսներ, որոնք կկարդան հրավիրված դասախոսություններ:

Ուսանողները ելույթ կունենան իրենց մագիստրոսական կամ թեկնածուական թեզերի եւ հետազոտությունների թեմաներով: Կանցկացվեն նաեւ գործնական պարապմունքներ, կկազմակերպվի այցելություն Բյուրականի աստղադիտարան: Կոնֆերանսի պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ռուսերենը: Այն ֆինանսավորվում է ռուս-հայկական համագործակցության հիմնադրամի կողմից:

Կոնֆերանսի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին ժամը 09:30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում: