Այս պրոցեսից հետո, այլևս չկա որևէ կետ, որը հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի վրա լեգիտիմ հարձակում գործելու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ խոսելով սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մասին:
«Դրա համար է այս կետից սկսվել, սա է գլխավորը: Ընդդիմությունը փորձում է անըդհատ շեղել, թե ինչո՞ւ չեք սկսում Ջերմուկից: Իրենք էլ լավ գիտեն, ինչու չենք սկսել, որովհետև այս կետն է միակ կետը, որտեղից Ադրբեջանը կարող է հարձակվել: Ասում են Ջերմուկից սկսեք, որ ստեղից գան՝ հարձակվեն, ասածս սցենարը լինի՝ կռիվ լինի, փրկիչները գան, տեղակայվեն: Սա է խնդիրը, տեղակայման վայր է ընդդիմությունը փնտրում խաղաղապահ ուժերի համար»,- ասաց Հովհաննիսյանը:
Դիտարկմանը, թե ռուսական խաղապահ ուժերի՞ն նկատեի ունի, նա արձագանքեց. «Իհարկե ռուսական, էլ ուրիշ ո՞ւմ պիտի նկատի ունենամ այս կոնտեքստում»:
Նա հավելեց, որ գլխավորը Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքն է. «4 գյուղերը փաստարկ են Ադրբեջանի համար մեզ վրա հարձակվելու, իսկ Ջերմուկի, Ներքին Հանդի, Վարդենիսի, Բերքաբերի եւ այլ հատվածներում, որտեղ օկուպացված հողեր կան, մենք պետք է այդ հարցերը հասցեագրենք սահմանազատման գործընթացում: Այսինքն, եթե ֆիքսել ենք Ալմա-Աթան, դա ավտոմատ նշանակում է, որ այն տարածվում է նաև Ջերմուկում: Եթե Ջերմուկի մեր սահմանները անցնում են կոնկրետ տեղով, այդտեղով էլ անցնելու են մեր սահմանները, ինչը մերն է՝ մեզ է մնալու, ինչը մերը չի՝ մեզ չի մնալու: Երբ ընդդիմությունն ասում է՝ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է հայ զինվորը, ընդդիմությունն այդ հայտարարությամբ հանձնում է Բերքաբերը, Ջերմուկը, տարածքներ Գեղարքունիքից և Սյունիքից»:





























