Բուլղարիայի Ժողովրդական ժողովի պատգամավորները հունիսի 9-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ իրենց եզրափակիչ նիստում արգելել են մոլեխաղերի գովազդը լրատվամիջոցներում։
Երկրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունված օրինագիծը նախատեսում է էլեկտրոնային և տպագիր մամուլում մոլախաղերի գովազդի արգելք, սակայն հնարավորություն է ընձեռում դրանք զետեղելու ուսումնական հաստատություններից առնվազն 300 մետր հեռավորությամբ տեղակայված գովազդային վահանակներում և մարզադահլիճներում։ Խաղային սրահներ թույլատրվում է բացել միայն ավելի քան 10 հազար բնակիչ ունեցող բնակավայրերում, ինչպես նաև հանգստավայրերում և սահմանամերձ տարածքներում։
Խորհրդարանական բոլոր քաղաքական միավորումների աջակցությունը վայելող օրենքը զանգվածային բացասական արձագանք է առաջացրել ոչ միայն մոլախաղերի կազմակերպիչների, այլև սպորտային ֆեդերացիաների շրջանում, որոնք կարող են կորցնել իրենց հովանավորներին, ինչպես նաև հեռուստաընկերություններում և զանգվածային այլ լրատվամիջոցներում, որոնց գովազդից ստացվող եկամուտները վտանգված են։
Nova հեռուստաընկերությունն իր պաշտոնական դիրքորոշման մեջ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ օրենքն ընդունվել է կարճ ժամանակում՝ առանց շահագրգիռ կողմերի հետ քննարկման, և այն կարող է լրջորեն խաթարել լրատվամիջոցների տնտեսական անկախությունը։ Օրինագծի ընդունման օգտին հիմնական փաստարկը մոլախաղերից կախվածության դեմ պայքարի անհրաժեշտությունն է, որն ազդում է շատ մարդկանց վրա։





























