«Իդա» փոթորկի հետեւանքով Սալվադորում 124 մարդ է զոհվել։ Ինչպես հայտնել է Սալվադորի նախագահ Մաուրիսիու Ֆունեսը, երկրին հասցված վնասները հնարավոր չէ հաշվել։ Ավելի վաղ հայտնվել էր 104 զոհերի եւ 66 անհայտ կորածների մասին, նշում է Reuters-ը։
Մեծաթիվ զոհերի եւ ավերածությունների պատճառով Սալվադորի կառավարությունը երկրի ամբողջ տարածքում արտակարգ իրավիճակի ռեժիմ է մտցրել, հայտնում է ՌԻԱ-Նովոստին։ Երկրորդ աստիճանի վտանգավորության «Իդա» փոթորիկն այժմ Մեքսիկական ծոցով 17կմ/ժամ արագությամբ հյուսիս-արեւմուտք է շարժվում։ Ավելի վաղ փոթորիկը հարվածել էր Նիկարագուային, ինչի արդյունքում 40 հազար մարդ առանց ծածկի էր մնացել։ Ինչպես սպասվում է, նոյեմբերի 10-ին «Իդա» փոթորիկը կհասնի ամերիկյան Լուիզիանա եւ Միսիսիպի եւ Ֆլորիդա նահանգներ։ Լուիզիանայի նահանգապետը արդեն իսկ արտակարգ իրավիճակ է հայտարարել։
Վերջին ժամանակների ամենահզոր ջրհեղեղը սեպտեմբերին տեղի էր ունեցել Ֆիլիպիններում։ «Կետսանա» փոթորիկը եւ նրան հաջորդած ջրհեղեղները 360 մարդու կյանք էին խլել։ Տարերքը ոչնչացրել էր շուրջ 180 հազար տուն։ Ավելի քան 350 հազար մարդ տարհանվել էր աղետի գոտուց, գրում է «Նովիե Իզվեստիան»։




























