«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ԱԺ ամբիոնից անդարադարձավ վերջին շրջանում խորհրդարանական ընդդիմության կողմից առաջ բերվող տաբեր թեզերին, որոնք վերաբերվում են Տավուշում սահմանազատման գործընթացին։
Պատգամավորը մասնավորապես անդրադարձավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հայտարարություններին, որում նա իշխանություններին մեղադրում էր հողեր հանձնելու և դավաճանությունների համար:
Հովհաննիսյանի խոսքով՝ ընդդիմությունը շարունակում է կրկնել այն նույն թեզերը, ինչ 2018 թվականի հեղափոխությունից հետո՝ սկզբում մեղադրում էին ԼՂ-ն, իսկ հիմա՝ Տավուշի սահմանամերձ՝ ադրբեջանական չորս գյուղերը հանձնելու համար:
«Հիմա, երբ այս կետից նյում ենք անցած պատմությանը, ակնհայտ է դառնում, թե ով, ինչպես եւ երբ է հանձնել ԼՂ-ն եւ ամեն բան արել 44-օրյա պատերազմում մեր ձախողման համար:
Մենք հիշում ենք, որ ընդդիմությունն ի սկզբանե դեմ էր միջազգային հովանու ներքո ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկխոսությանը, որտեղ հնարավոր կլիներ հասցեագրել ԼՂ ժողովրդի իրավունքների իրացման և անվտանգության հարցերը: Դեմ էր, սակայն միաժամանակ չէր առաջարկում ոչինչ: Ասում էր՝ անկախություն, ինչ-որ կծկտուր, ասում էր՝ ինքնորոշում, բայց չէր ասում՝ ումից, որտեղ եւ ինչպես:
Երբ մեզ հաջոցվել էր օրով, ժամով, տեղով կազմակերպել ԼՂ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպում միջազգային հովանու ներքո, որտեղ կար հնարավորություն գտնել որեւէ լուծում ԼՂ հայ ժողովրդի իրավունքների եւ անվտանգության իրացման համար, մեկ էլ հանկարծ հնչեց զանգ: Ե՛վ զանգի, և՛ ընդդիմության համատեղ ջանքերի պատճառով ԼՂ ներկայացուցիչները չգնացին միջազգային հովանու ներքո կազմակերպված հանդիպմանը: Չգնացին: Վախեցան:
Ու այս խմբակը, որ այսօր կոչվում է ընդդիմություն, այդ գործի մեջ էր ամբողջությամբ: Իսկ ինչո՞ւ ընդդիմությունը նման բան արեց, որ այդ երկխոսությունը տեղի չունենա: Որովհետև այդպես ձեռք չէր տալիս նրանց տերերին: Որովհետև եթե տեղի ունենար այդ երկխոսությունը, նրանց տերերը որտե՞ղ պետք է տեղակայվեին, ո՞ւմ պետք է փրկեին: Պարզ է, չէ՞: Դրանից հետո արեցին «պալատական հեղաշրջում»:
Արցախի խորհրդարանի դաշնակ պատգամավորներով ինչ-որ մեկին նշանակեցին նախագահ՝ վերջնականապես փակելով երկխոսությունը ԼՂ ժողովրդի համար, իսկ երկխոսության կողմնակիցներին անվանեցին դավաճաններ: Իսկ դաշնակների կողմից նշանակված նախագահը մի քանի օր անց, երբ լուծարեց ԼՂ-ն և այլևս ոչինչ հնարավոր չէր խոսել հայ ժողովրդի իրավունքների մասին, երբ ԼՂ ժողովուրդը բռնի տեղահանվում էր Լաչինի միջանցքով, հենց այդ պահին ուղղաթիռով, ԼՂ ժողովրդի գլխի վրայով թռնելով, դեսանտ իջավ Հայաստան: Պարզ է, չէ՞, ով էր դա կազմակերպել, իսկ հիմա գլխներից մեծ հայտեր են ներկայացնում, փողեր են ուզում»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, թե Սոֆիայում կազմակերպված հանդիպումը հիմա դիտարկում է որպես պատմական շանս, քանի որ ԼՂ հայությունը միգուցե կարողանար ապրել իր հողում:
Այնուհետև նա շարունակեց՝ «Բայց ձեր՝ հայկական պետականությանն ու հայ ժողովրդին վնասելու մոտիվացիան այնքան մեծ էր, որ ձեր չհաշվարկված քայլերի պատճառով լուծարեցիք ԼՂ-ն, ինչի պատճառով ռուս խաղաղապահները լքեցին Լեռնային Ղարաբաղը: Հետո մեզ մեղադրում եք մեր դաշնակիցներին վնասելու մեջ: Դուք այնպես արեցիք, որ ռուս խաղաղապահները դուրս գան ԼՂ-ից, հիմա էլ պարտքերը տալու համար ընկել եք Տավուշի հետևից, տեղակայման վա՞յր եք ման գալիս: Սա է ձեր պատվերն այս պահին: Դուք դրան եք լծված հիմա:
Շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները ֆիքսեն այս ամենը և չտրվեն այս դավաճանների լոզունգներին, կենացներին և պատմական Հայաստանի մասին մոլորություններին։ Ես վստահ եմ՝ դուք ձեր արժանի պատիժը կստանաք, եթե ոչ օրենքի ողջ խստությամբ, եթե օրենքը հանկարծ ուշանա, ինչ-որ մի օր, ինչ-որ մի տեղ, ես վստահ եմ, Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ ոչ մի սրբազան ձեզ չի փրկելու»։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածի մասին առաջին հերթին պետք է իմանան ԼՂ-ից բռնի տեղահանված հայրենակիցները, թե ինչպես են նրանք (խմբ․ ընդդիմադիրները) զրկել նրանց իրենց տներում ապրելու վերջին հնարավորությունից՝ հանուն իրենց տերերի:





























