Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Լեհաստան՝ մասնակցելու Գդանսկում կայանալիք «Սպառողների պաշտպանության և օրենսդրության կիրարկման միջազգային ցանց» (ICPEN) կազմակերպության համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը։
Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովի օրակարգում սպառողների շահերի պաշտպանության ոլորտի մի շարք արդիական հարցերի և դրանց հաղթահարման ուղիների շուրջ քննարկումներն են, ինչպիսիք են շուկայում գորշ պատկերների (dark patterns) դրսևորումները և դրանց դեմ պայքարի արդյունավետ միջոցները, սպառողների խոցելի խմբերի պաշտպանությունը, կիրարկման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը և այլն:
Համաժողովի շրջանակում տեղի կունենա բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների արդյունավետ գործունեության թեմայով, որի ընթացքում Գեղամ Գևորգյանը կներկայացնի Հայաստանի մրցակցային մարմնի փորձը մարդկային ռեսուրսների և կիրակման գործիքակազմերի կառավարման վերաբերյալ:





























