Մայիսի 4-ին տեղացած կարկուտի հետեւանքով խաղողի, ծիրանի, կեռասի ու սալորի այգիներն 90 տոկոսով վնասվել են, մնացած բերքն էլ  ոչ շուկայական ապրանքի տեսք է ունենալու: Հակակարկտային կայաններից մեկն է աշխատել, մյուսը խնդիր է ունեցել, մի անգամ կրակել է ու չի աշխատել: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, NEWS.am-ին պատմեց Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի վարչական ղեկավար Արտակ Եղիազարյանը՝ ներկայացնելով մայիսի 4-ին տեղացած կարկուտի հետևանքները:

«Կեռասի փնջի վրա օրինակ, 10-15 կեռաս կա, մեջը մի հատ առողջը չկա, բոլորի վրա հետքերը մնացել են: Ասում են՝ հույսը վերջում ա մահանում, սպասում ենք արձագանքի: Հիմա Մեծամոր համայնքի գյուղբաժնի աշխատակիցները շրջում են գյուղերով ու վնասները ցուցակագրում: Մեզնից հասնում ա վնասը ներկայացնել, հետո չգիտեմ՝ Կառավարությունը ինչ կորոշի»,-ասաց  գյուղապետը: Այգեշատ գյուղի բնակիչ Արամայիս Մխիթարյանի խոսքով, կարկուտի պատճառած վնասները սարսափելի են և հուսահատեցնող:

«Ծիրանի այգի կա, որ 100 տոկոսով վնասված է, շուկայական ապրանքի տեսք չունի բերքը: Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի: Իմ իմանալով, հակակարկտային կայաններն ուշ են աշխատել, եթե ժամանակին աշխատեին, վնասն էդքան մեծ չէր լիննի»,-ասաց Արամայիս Մխիթարյանը:

Արմավիրի մարզի Արգավանդ գյուղի բնակիչ Արշակ Աղաջանյանի խոսքով՝ կարկուտը գյուղի բերքի 80 տոկոսը ոչնչացրել է:

«Հեկտար ու կես գիլասի ու սալորի այգի ունեմ, 6000 մետր ծիրանի այգի: Ամբողջ բերքը թափելու ա, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել: Վարչական ղեկավարը գյուղացիներին ասել է անձնագրերով ներկայանալ ու վնասը ներկայացնել, բայց  հանձնաժողով դեռ չկա»,- ասաց Արշակ Աղաջանյանը:

Արգավանդ գյուղի բնակիչն ամեն տարի գյուղատնտեսական վարկ էր վերցնում, այս տարի առաջին անգամ չէր վերցրել վարկ․ «Սիրտս զգում էր, որ նման աղետ է լինելու»։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին հանրապետության տարբեր շրաջններում ուժգին կարկուտ է տեղացել: 

ImportedPhoto.736691498.063693.jpeg (112 KB)

ImportedPhoto.736691498.064291.jpeg (161 KB)

ImportedPhoto.736691498.064731.jpeg (70 KB)

ImportedPhoto.736691498.067758.jpeg (56 KB)