Իշխանությունները երեքշաբթի խուզարկություն են կատարել Բրյուսելում գերմանացի հայտնի ծայրահեղ աջ պատգամավորի Եվրախորհրդարանի գրասենյակում: Հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով Գերմանիայի գլխավոր դատախազությանը:
Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավորի առաջատար թեկնածու Մաքսիմիլիան Կրախը, որի օգնականն անցյալ ամիս ձերբակալվել էր Չինաստանի օգտին լրտեսելու կասկածանքով, հսկողության տակ է հայտնվել:
Գերմանիայի քաղաքացի Ցզյան Գոն, որը 2019 թվականին Եվրամիության օրենսդիր մարմնում Մաքսիմիլիան Կրախի ընտրվելուց ի վեր աշխատել է նրա գրասենյակում, մեղադրվել է չինական հետախուզական ծառայության օգտին աշխատելու, ինչպես նաև հունվարին Եվրախորհրդարանում բանակցությունների և որոշումների մասին բազմիցս տեղեկություններ փոխանցելու մեջ: Դատախազները պնդում են, որ Ցզյան Գոն միաժամանակ լրտեսել է Գերմանիայում հաստատված չինացի այլախոհներին:
Ձերբակալությունը ստվեր է գցել ծայրահեղ աջ կուսակցության վրա, որին նախկինում կշտամբում էին Ռուսաստանի նկատմամբ իր բարեկամական վերաբերմունքի համար։ Հունիսի 9-ին Գերմանիայում տեղի կունենան Եվրախորհրդարանի ընտրությունները։ Դաշնային դատախազության հայտարարության մեջ նշվում է, որ Եվրախորհրդարանը գրասենյակ մուտք գործելու համաձայնություն է տվել:





























