Գազայում պատանդների ընտանիքները կոչ են անում ԱՄՆ-ին և այլ կառավարություններին, որոնց քաղաքացիները գերության մեջ են, ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ համաձայնության գալ ՀԱՄԱՍ-ի հետ իրենց վերադարձի համար, գրում է Times of Israel-ը:

Պատանդների և անհայտ կորածների ընտանիքների ֆորումը հայտարարել է, որ կոչ է արել մի շարք երկրների «ազդել Իսրայելի կառավարության վրա»՝ համաձայնության գալու համար:

«Այս կրիտիկական պահին, երբ օրակարգում է պատանդների ազատ արձակման իրական հնարավորությունը, հրամայական է, որ ձեր կառավարությունը բարձրաձայնի իր վճռական աջակցությունը նման համաձայնագրին»,- ասվում է ուղերձում, որն ուղարկվել է բոլոր այն երկրների դեսպաններին, որոնց քաղաքացիները հոկտեմբերի 7-ին պատանդների թվում են եղել։ 

«Հիմա ժամանակն է մեր ազդեցությունը գործադրելու Իսրայելի կառավարության և բոլոր շահագրգիռ կողմերի վրա՝ ապահովելու համաձայնագրի կնքումը, որը վերջապես տուն կբերի մեր բոլոր սիրելիներին»,- ընդգծվում է կոչում։

Այսօրվա ուղերձը գալիս է այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հայտարարեց, որ ընդունել է Եգիպտոսի և Կատարի միջնորդների առաջարկած հրադադարի ծրագիրը՝ ընդգծելով, որ գնդակն այժմ Իսրայելի դաշտում է: Իսրայելն, իր հերթին, պնդում է, որ դա գործարք չէ, որին ինքը կհամաձայնի։