Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ և եկել եմ իմ ժողովրդի կողքին լինելու: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, Հանրապետության հրապարակից հայտնեց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը։
Նա հայտնեց, որ մինչ այս ինքը ներգրավված չի եղել նման գործընթացներին։
«Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու՝ համարելով, որ սա իմ պարտքն ու պատասխանատվությունն է»,-ասաց Բադալյանը։
Նշենք, որ Միքայել Բադալյանը մայիսի 13-ից այլեւս չի զբաղեցնի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնը:
Նշենք, որ մայիսի 4-ից Տավուշի մարզի Կիրանց գյուղից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը, որը երեկ երեկոյան հասել էր Աբովյան քաղաք, այսօր շարժվել է դեպի Երևան եւ հիմա մայրաքաղաքում է:
Այսօր ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված էր հանրահավաք, սակայն այն ուշանում է, քանի որ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը դեռ չի հասել հրապարակ:
Այս օրերի ընթացքում երթին բացի տավուշցիներից, միացել են Հայաստանի այլ շրջաններից քաղաքացիներ, արվեստագետներ, զոհված զինծառայողների հարազատները։ Քայլերթի մասնակիցները շարքերն անընդհատ համալրում են նոր քաղաքացիներ։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանն իրենց աջակցությունն են հայտնել Հայ Առաքելական եկեղեցու տարբեր թեմեր, նաև միացել երթին։





























