Խարկովի մարզի հյուսիսում ռուսական հարձակողական տեմպը շարունակում է իջնել, հերթական ամփոփագրում գրել է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW)։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ ուկրաինացի զինվորականները հայտնել են, որ Ուկրաինայի ԶՈւ-ն մասամբ կայունացրել է իրավիճակը Խարկովի մարզի հյուսիսում։

Կիեւի տվյալներով՝ ռուսական ուժերը փորձում են մարտավարական հաջողությունների հասնել Լուկյանցի եւ Վոլչանսկ բնակավայրերում, բայց ուկրաինացիների հարվածները եւ հակագրոհները թույլ չեն տալիս նրանց ամրանալ այդ շրջաններում։

ISW գնահատականներով՝ ռուսական ուժերը Խարկովի մարզում սահմանից ներս խորացել են 8 կիոմետրից ոչ ավելի։

Մայիսի 10-ից ռուսական զորքերին հաջողվել է մարտավարական հաջողությունների հասնել Խարկովի մարզի հյուսիսում, այն շրջաններում, որտեղ Ուկրաինայի ԶՈւ-ն չի ստեղծել պաշտպանական զգալի գծեր, եւ ներկայում նրանց առաջնահերթությունը, թերեւս, բուֆերային գոտու ստեղծումն է, այլ ոչ թե խոր ներթափանցումը Խարկովի մարզ, ինչպես արդեն գրել են փորձագետները։