Պեկինում ավարտվել են Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի եւ Սի Ծինփինի բանակցությունները, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։

Հանդիպման արդյունքների հիման վրա պետությունների ղեկավարներն ընդունել են համատեղ հայտարարություն համապարփակ գործընկերության եւ ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին։

Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, դա ընդարձակ փաստաթուղթ է՝ ավելի քան 30 էջ։ Դրանում նշվում է երկկողմ հարաբերությունների «հատուկ բնույթը», նախանշվում են զարգացման հետագա ուղիները, նշվում է Ռուսաստանի եւ Չինաստանի առաջատար դերը արդար եւ դեմոկրատական աշխարհակարգի ձեւավորման գործում։

Պուտինը պետական այցով Չինաստան էր մեկնել նախօրեի երեկոյան։ Սա ՌԴ նախագահի առաջին արտասահմանյան ուղեւորությունն է պաշտոնն ստանձնելուց հետո։

Սկզբում պետությունների ղեկավարները շփվել են նեղ կազմով, հետո հանդիպումը շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ։ Բանակցություններն ընդհանուր առմամբ շարունակվել են 2,5 ժամ։