«Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (ANCA) նոյեմբերի 9-ին սկսում են մեկամսյա նախագիծ՝ „Հետադարձ հաշվարկ Էրդողանի համար“ անվամբ, բոլոր ցանկացողների ակտիվ մասնակցությամբ եւ միտված նրան, որ արթնացնեն ԱՄՆ Կոնգրեսին, լրատվամիջոցների ներկայցուցիչներին ու, վերջապես, Սպիտակ տանը, որ Ամերիկային ներկայացնեն իրականությունը Հայոց ցեղասպանության մասին»,- հաղորդում է ANCA-ի պաշտոնական կայքը:
Իր կայքում ANCA-ն ամեն օր օնլայն ռեժիմով նոր ակցիա է անցկացնելու, որը հնարավորություն կտա հարցեր տալ ուղիղ եթերով, եւ կխթանի հանրության հետ գործնական աշխատանքները: Այդ ամենը նպատակ ունի ոգեշնչել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ դեկտեմբերի 7-ին ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ վերջինիս ասի, թե Ամերիկան կողմ է հայոց ցեղասպանության վերաբերյալ արդարացի եւ ճիշտ բանաձեւին: Բացի այդ, ամեն շաբաթ բարձրացվելու է նաեւ Դարֆուրում (Սուդան) շարունակվող ցեղասպանության հարցը:
Առաջին շաբաթվա ընթացքում ակցիան ուղղվելու է ԱՄՆ Սենատին, երկրորդում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, վերջում՝ ուղիղ Սպիտակ տանը:
«Ինչպես հայտնի է, նախագահ Օբաման ապրիլին հանդիպեց թուրք վարչապետի հետ եւ չկատարեց հայերին տված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ նախընտրական խոստումը»,- հայտարարել է ANCA-ի տնօրեն Արամ Համբարյանը. «Ավելին, նա միացավ Թուրքիային եւ սկսեց ճնշումներ գործադրել շրջափակման մեջ գտնվող Հայաստանի վրա, որ ընդունի պատմական փաստերի եւ արխիվների ուսումնասիրման միջկառավարական ենթահանձնաժողովի պայմանը: Այժմ էլ, ամերիկյան հողի վրա նա հնարավորություն ունի ճիշտ վարվել՝ կատարել իր խոստումը եւ դառնալ ամերիկյան ժողովրդին արժանի նախագահ»:
ANCA-ն նշում է, որ «Հետադարձ հաշվարկ Էրդողանի համար» ակցիան համընկնում է վերջինիս արած հայտարարությունների հետ, թե ժխտում է Հայոց ցեղասպանությունը եւ Դարֆուրի սեւամորթ բնակչության ցեղասպանությունը: Էրդողանը հայտարարել էր, թե «մահմեդականը չի կարող ցեղասպանություն անել»: Ի պատասխան միջազգային հանրության պահանջին՝ ձերբակալել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին, նա մերժել էր պահանջը:



























