«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքի որոշում՝ իրեն 5 տարվա բնակչության տեղեկանք չտալու մասին, եւ դատարանը պետք է հինգ օրվա ընթացքում համապատասխան որոշում կայացնի: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը հրաժարվել էր վերջին հինգ տարում Հայաստանում մշտապես բնակվելու վերաբերյալ տեղեկանք տրամադրել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններում թեկնածություն առաջադրած «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Մաթեւոսյանին ուղղված նամակով ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության Իջեւանի անձնագրային բաժանմունքը տվել է հետեւյալ պարզաբանումը. «Նիկոլ Վովայի Փաշինյանին տեղեկանք չի տրամադրվում, քանի որ Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 03.11.2009թ. թիվ 3/3-3671 գրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը 2008թ. փետրվարի 26-ից մինչեւ 2009թ. հուլիսի 7-ը գտնվել է հետախուզման մեջ եւ հետախուզման մեջ գտնվելու ժամանակահատվածում ՀՀ-ում չի բնակվել»:

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչ ակնկալիք ունեն վարչական դատարանից, Դավիթ Մաթեւոսյանը պատասխանեց. «Նույնպիսի ակնկալիք, ինչպիսին ունենում ենք հետմարտիմեկյան բոլոր գործերով: Ակնհայտ է, որ սա քաղաքական որոշում է, եւ ռեժիմը հերթական անգամ իր դատավորներին կհրահանգի կատարել պատվերը»:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի