«Ընդդիմությունը, ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, կարծես թե, դեմ չէ հայ-թուրքական գործընթացին. համենայն դեպս այդ հարցով նա լռություն է պահպանում»,- նոյեմբերի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարբերությունների կարգավորման ներկայիս փուլին։

Հարցին, թե արդյոք նա ընդդիմությո՞ւն է համարում Դաշնակցությանը, ԺԿ նախագահը նշեց, որ ինքը չգիտի ընդդիմությո՞ւն է այդ ուժը, թե՞ ոչ, համոզմունք հայտնելով, որ ՀՅԴ-ն, ավելի շուտ, «ավանդական-հայրենասիրական ուժ է, որը, համենայն դեպս, գործընթացին դեմ է խոսում»: Ասուլիսի մյուս բանախոս, հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանն իր հերթին նշեց, որ իշխող կուսակցությունը հայ-թուրքական գործընթացի առնչությամբ, անկասկած, մտահոգություններ ունի, եւ դա բնական է։ Նա հավելեց նաեւ, որ հարգում եւ ճիշտ է համարում լռությունը, որ ՀԱԿ-ը, իշխանություններին չխանգարելու համար, պահպանում է այս պահին։ «ՀԱԿ-ի լռությունը պայմանավորված է երկու հանգամանքով՝ կամ նա ասելիք չունի կամ չի ուզում խանգարել մեզ»,- նկատեց նա, ինչին ի պատասխան Տ. Կարապետյանը նկատեց. «Իհարկե, լավ է անում, ձեր ջաղացին ջուր է լցնում»: