Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչներն այսօր առցանց ձևաչափով մասնակցել են Դուշանբեում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 56-րդ նիստին:

Նիստի շրջանակում հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանը հանդես է եկել ընթացիկ ժամանակահատվածում ՀՀ-ում մրցակցային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունների վերաբերյալ զեկույցով:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին,  ոլորտային ուսումնասիրությունների արդյունքներին և Հանձնաժողովի իրավակիրառ փորձի ուշագրավ օրինակներին, այդ թվում՝ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման և անբարեխիղճ մրցակցության դրսևորումներին։

Միջոցառման շրջանակներում տեղի են ունեցել նաև Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ հետազոտությունների շտաբի  և Գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի  նիստեր:

Շտաբի նիստի օրակարգում առևտրի առցանց հարթակներում կոնտրաֆակտ ապրանքների իրացումը կանխարգելելու նպատակով մոդելային փաստաթղթի մշակման, մրցակցային խախտումների կանխարգելման և այդ իրավախախտումների արդյունքում  անձանց իրավունքների և շահերի քաղաքացիա-իրավական պաշտպանությանը վերաբերող  զեկույցների նախապատրաստման և այլ հարցեր էին:

Գովազդի հարցերով կոորդինացիոն խորհրդի նիստի շրջանակում քննարկվել են  վճարովի տեղեկատվության և գովազդի տեղադրման գործընթացում բլոգերների  բարեխիղճ վարքագծի, սպառողների մոլորեցում թույլ չտալու նպատակով վարկերի գովազդին ներկայացվող պահանջների, գովազդի շուկայի զարգացման և այլ հարցեր: