Կլիմայի փոփոխության շարժման «ակտիվիստուհին» ձերբակալվել է Փարիզի Օրսե թանգարանում իմպրեսիոնիստ Կլոդ Մոնեի նկարի վրա պաստառ փակցնելու համար՝ ուշադրություն հրավիրելու գլոբալ տաքացման վրա, գրում է The Guardian-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Ակտիվիստուհին, որը Riposte Alimentaire-ի (Պարենային արձագանք) անդամ է, նկարահանվել է X-ի միկրոբլոգում տեղադրված տեսանյութում: Նա արյան գույնի կարմիր պաստառ է փակցրել Ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի նկարի կակաչների վրա:
Տեսանյութում նա Մոնեի նկարի վրա փակցված պաստառի մասին պատմել է, որ «այս մղձավանջային պատկերն է սպասում մեզ, եթե այլընտրանք չառաջարկվի»:
Մոնեի նկարում, որն ավարտվել է 1873 թվականին, պատկերված են հովանոցներով մարդիկ, որոնք զբոսնում են ծաղկած կակաչի դաշտով։ Կտավն ապակիով պաշտպանված չի եղել։ Օրսեի թանգարանը դեռ չի հայտնել, թե ինչ վիճակում է նկարը հարձակումից հետո։
Riposte Alimentaire-ը նախկինում ստանձնել է արվեստի գործերի վրա մի քանի հարձակումների պատասխանատվությունը՝ փորձելով բարձրացնել իրազեկվածությունը կլիմայական ճգնաժամի մասին:
Նախկինում կազմակերպության անդամները աչքի են ընկել մի շարք «սխրանքներով». նրանք Լուվրում ապուր են լցրել Դա Վինչիի «Մոնա Լիզայի» վրա, ինչպես նաև հարձակվել են փետրվարին Լիոնի կերպարվեստի թանգարանում գտնվող Մոնեի մեկ այլ նկարի վրա, որը կոչվում է «Գարուն»:





























