Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր՝ հունիսի 3-ին, քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներկայացրել է տարբեր խմբերի կողմից հնչեցվող ահազանգը, որ կենդանաբանական այգու փիղը՝ Բունկան, միայնակ է բնակվում։
«Այս երկու օրվա ընթացքում բազմաթիվ նամակներ եմ ստանում Բունկա փղի հետ կապված։ Խոսքը նրա մասին է, որ մեր կենդանաբանական այգում կա մի փիղ, որը միայնակ է այնտեղ բնակվում, ու տարբեր բնապահպանական խմբեր ահազանգում են, որ այդ պայմանները լավը չեն»,- ասաց նա՝ հետաքրքրվելով, թե ինչ փուլում են աշխատանքները։
Արձագանքելով՝ բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն ասաց․ «Առաջին բանը, որը ձեռնարկել ենք, փղի ազատավանդակի ընդլայնումն է եղել, որը հնարավորություն կտա Բունկային լավ պայմաններով ապահովել, ինչպես նաև ունենալ հնարավորություն երկրորդ փիղ բերելու համար»։
Առաջարկվել է փղի պայմանների բարելավման մի քանի սցենար. առաջինը փղի տեղափոխումն է Կամբոջա, մեկ այլ սցենար, որ նա մնա Կենդանաբանականում, բայց ունենա համապատասխան պայմաններ, տեղափոխությունը շատ ավելի մեծ ռիսկեր է պարունակում, քան մնալը, այդ պատճառով էլ ավելի ճիշտ կլինի՝ ապահովել պայմանների բարելավում:
Ավինյանը հետաքրքրվել է, թե որքան է տևելու գործընթացը։
Ի պատասխան՝ նրան զեկուցել են, որ նախորդ տարի հայտարարվել է ազատավանդակի ընդլայնման մրցույթ, սակայն չի եղել մասնակից, նոր մրցույթ կլինի հունիսի 13-ին, այս տարի պետք է լինի մասնակից, և նախագծումն ու կառուցումը այս տարի պետք է որ սկսվի:
Ավինյանն էլ իր հերթին նշեց․ «Բունկա փղի պատմությունը հսկողական թող դառնա, մենք պարբերաբար կանդրադառնանաք այս հարցին»։





























