Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հունգարիայի նախագահ Լասլո Շոյոմին Բուդապեշտում Գուրգեն Մարգարյանի զազրելի սպանության գործում հունգարական արդարադատության ցուցաբերած աներկբա եւ արդարացի կեցվածքի համար: Հայաստանի նախագահն այդ մասին ասել է նոյեմբերի 9-ին Բուդապեշտում իր հունգարացի գործընկերոջ հետ ունեցած հանդիպմանը:
Հիշեցնենք, որ 2004թ. փետրվարի 19-ին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Հունգարիայում դասընթացների մասնակցող հայ սպա, լեյտենանտ Գուրգեն Մարգարյանը կացնահարվեց քնած ժամանակ՝ իր սենյակը ներխուժած նույն դասընթացներին մասնակցող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը՝ դատավոր Անդրաշ Վաշկուտիի նախագահությամբ, Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության: «Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի մեղքն անհերքելի է: Նա գիտակցել է, թե ինչ է անում եւ արժանի է ամենախիստ պատժի՝ ցմահ բանտարկության, 30 տարի՝ առանց ներման իրավունքի»,- վճռեց դատավորը: Իսկ 2007թ. փետրվարի 22-ին Հունգարիայի Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Ռամիլ Սաֆարովի նկատմամբ առաջին ատյանի դատարանի վճիռը:
Ադրբեջանական իշխանություններն ամենաբարձր մակարդակով, ընդհուպ մինչեւ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը, փորձում են հասնել Սաֆարովի էքստրադիցիային, սակայն Հունգարիայի իշխանությունները չեն ենթարկվում տարատեսակ ճնշումներին եւ հրաժարվում են հանձնել ոճրագործին:



























