Հունգարիայի նախագահ Լասլո Շոյոմի հրավերով նոյեմբերի 9-ին մեկնարկել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Հունգարիա: Անկախացումից ի վեր սա ՀՀ նախագահի մակարդակով առաջին պետական այցն է Կենտրոնական Եվրոպայի այդ երկիր:

Հայաստանի նախագահ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հունգարիայի նախագահական պալատում տեղի է ունեցել Հայաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո Սերժ Սարգսյանը գրառում է կատարել Հունգարիայի նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում: Այնուհետեւ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի ու Լասլո Շոյոմի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով բանակցությունները: Ողջունելով Հայաստանի նախագահին` նախագահ Լասլո Շոյոմը նշել է, որ իր երկիրը Հայաստանին դիտում է որպես կարեւոր գործընկեր, որի հետ պատրաստ է երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերում խորացնելու համագործակցությունը քաղաքական երկխոսության, առեւտրատնտեսական գործակցության, հումանիտար եւ այլ ոլորտներում: Նախագահներ Սարգսյանն ու Շոյոմը վստահություն են հայտնել, որ Հայաստանի նախագահի պետական այցը նշանակալի խթան է` ակտիվացնելու հարաբերությունները երկու երկրների միջեւ եւ նշել, որ պետական այցի շրջանակում ստորագրվող փաստաթղթերը եւ այլ համաձայնագրերի ստորագրման ուղղությամբ տարվող աշխատանքը բավարար իրավական հիմք են ստեղծում հայ-հունգարական բարեկամական հարաբերություններն առաջ մղելու համար:

Նախագահներ Սարգսյանն ու Շոյոմն ընդգծել են, որ չնայած վերջին շրջանում երկու երկրների միջեւ առկա քաղաքական երկխոսության նկատելի դինամիզմին, առեւտրատնտեսական փոխգործակցության տեմպերը դեռեւս չեն արտացոլոււմ առկա պոտենցիալը: Երկու երկրների ղեկավարները վստահություն են հայտնել, որ ստորագրված փաստաթղթերն ու Բուդապեշտում բացվող հայ-հունգարական գործարար համաժողովը նոր լիցք կհաղորդեն գործարար շփումների ակտիվացմանը եւ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանը զուգահեռ կնպաստեն Հայաստանի ու Հունգարիայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալների աճին: Սերժ Սարգսյանն ու Լասլո Շոյոմը կարեւորել են երկու երկրների միջեւ գործակցության հետագա խորացումը ինչպես միջազգային կազմակերպությունների, այնպես էլ բազմակողմ այլ ձեւաչափերում, մասնավորապես, Եվրամիության Արեւելյան քաղաքականության շրջանակում:

Բանակցությունների ընթացքում Սերժ Սարգսյանը հունգարացի իր գործընկերոջը տեղեկացրել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացների ներկա փուլի մասին: «Մենք ցանկանում ենք առկա խնդիրները լուծել առանց նախապայմանների, խաղաղ ճանապարհով եւ հարաբերություններ հաստատել մեր հարեւանների հետ` առկա ռեսուրսներն ուղղելով մեր տարածաշրջանի կայուն ու խաղաղ զարգացմանը: Համարում եմ, որ միայն համագործակցությամբ է հնարավոր տարածաշրջանում ապահովել զարգացում, տեւական խաղաղություն եւ կայունություն»,- նշել է Սերժ Սարգսյանը: Իր հերթին՝ Հունգարիայի նախագահը ողջունել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացը եւ նշել, որ Հունգարիան աջակցում է երկու հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ:

Նախագահ Սերժ Սարգսյանն Հունգարիայի իր գործընկերոջը հրավիրել է պատասխան պետական այցով ժամանելու Հայաստան, եւ Լասլո Շոյոմն ընդունել է հրավերը:
Բարձր մակարդակով բանակցությունների ավարտից հետո նախագահներ Սարգսյանի ու Շոյոմի ներկայությամբ ստորագրվել են երկու երկրների կառավարությունների միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու, արդարադատության եւ գյուղատնտեսության նախարարությունների միջեւ փոխգործակցության, ինչպես նաեւ տնտեսության ոլորտում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրեր: