2018-ից ի վեր Հայաստանում ամենակայացած ինստիտուտներից մեկը՝ ընտրակաշառքի ինստիտուտը, արմատախիլ անելուց հետո ոչ առաջին անգամ փորձ է արվում կայացնել «հավաքակաշառքի» ինստիտուտը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:

«ՆԳՆ-ից հայտնում են, որ «սրբազան շարժմանը» մասնակցելու, դրա շրջանակներում փողոցներ արգելափակելու համար մի շարք մարդկանց նյութապես շահագռգռել են։

Պարզ ասած՝ փողով մարդ են բերել իրենց հավաքներին։

Կաշառքով մարդկանց շահագրգռել դուրս գալ պետական և հասարակական կարգի դեմ, փողով մարդկանց դրդել սահմանադրական կարգի տապալման ոչ այլ ինչ է, քան ներքին դիվերսիա պետության և ժողովրդի դեմ։ Հուսամ՝ գոնե եկեղեցու բակ փողով մարդ չեք բերել, կամ գոնե այդ փողերը, որ բաժանվում են, մոմերի վաճառքից գոյացած գումարներից չեն»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտնել էր, որ բացահայտվել են «Տավուշը հանուն հայրենիքի» և «սրբազան շարժում» անվանումներով հավաքներին, այդ թվում՝ դրանց շրջանակներում իրականացվող անհնազանդության ակցիաներին, փողոցներ արգելափակելուն և ցույցերին մասնակցող անձանց նյութապես շահագրգռելու փորձեր: ՔԿ-ն նաև հրապարակել էր ձայնագրություն: