Կառավարություն-Հարություն Առաքելյան հակամարտության առնչությամբ հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարությունը:

Հաղորդագրությունում ասվում է.

«Հայաստանի Ռամկավար Ազատական» կուսակցությունը 2011թ. հունվարի 20-ին հրավիրել է 19-րդ արտահերթ համագումար: Համագումարում կուսակցության գործադիր մարմնի ղեկավար է ընտրվել Էդուարդ Անտինյանը: Գործադիր մարմնի փոփոխությունը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում պետական գրանցում է ստացել 2011թ. մարտի 18-ին:

Կուսակցությունը, նույն համագումարի ընթացքում որոշում է ընդունել նաեւ 19-րդ համագումարն անցկացնել երկու նիստով:  Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը քննարկել 2-րդ նիստի ընթացքում, որը այդ լիազորությունն ունեցող կուսակցական Կարեն Կակոյանին հանձնարարվել է հրավիրել 1 ամիս անց:

Նշանակված ժամկետում համագումարի 2-րդ նիստը չի հրավիրվել, ինչում կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Է.Անտինյանը մեղադրել է Կ.Կակոյանին: Կուսակցության նախկին ղեկավար Հ. Առաքելյանն ու Կ.Կակոյանն էլ Է. Անտինյանին են մեղադրել: 

Այնուհետեւ, 2011թ. ընթացքում Կ.Կակոյանն ու Հ.Առաքելյանը բաց թողնելով նախապես նշանակված մեկ ամսյա ժամկետը, հրավիրել են 19-րդ համագումարի մի քանի 2-րդ արտահերթ նիստ,  հիմքում դնելով կուսակցության բոլոր շրջանային վարչությունների երկու երրորդի պահանջը: Հրավիրված բոլոր նիստերը կազմակերպվել են օրենքների բազմաթիվ խախտումներով: Արդյունքում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակա¬լությունը մերժել է այդ նիստերում ընդունված գործադիր մարմնի փոփոխության պետական գրանցման պահանջը:

Էդուարդ Անտինյանը նշված համագումարի 2-րդ արտահերթ նիստերի հրավիրման եւ կազմակերպման օրինականության դեմ բողոք է ներկայացրել  ՀՀ արդարադատության նախարարություն:  Նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը ներկայացված բողոքի հիման վրա  վարչական վարույթ է հարուցել (տեսչության՝ կանոնադրությամբ սահմանված լիազորությունների շրջանակներում եւ վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան):

Վարույթի շրջանակներում պարզվել է, որ 19-րդ համագումարի 2-րդ արտահերթ նիստի հիմք ընտրված կուսակցության բոլոր շրջանային վարչությունների երկու երրորդի պահանջը հակասում է կուսակցության կանոնադրությանը: Համաձայն կանոնադրության՝ բոլոր շրջանային վարչությունների պահանջով կարող է հրավիրվել ոչ թե համագումարի որեւէ արտահերթ նիստ, այլ հենց արտահերթ համագումար:

Նշվածից հետեւում է, որ այդ նիստերը չէին կարող լինել 19-րդ համագումարի 2-րդը, այլ պետք է լիներ նոր՝ 20-րդ համագումար, ինչի մասին կուսակցությունը նախազգուշացվել է եւ առաջարկվել է անվավեր ճանաչել սեփական կանոնադրության խախտումներով հրավիրված ու անցկացված արտահերթ նիստը:

ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը հիմք ընդունելով նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության համապատասխան որոշումը, որով հաստատվել է օրենքի եւ կանոնադրության պահանջների խախտումները, 2011թ. նոյեմբերի 21-ին մերժել է Հ. Առաքելյանին գրանցել որպես կուսակցության գործադիր մարմնի ղեկավար»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության, Արդարատադության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել է մի գրություն, որում «փորձ է կատարվում սպառնալ եւ շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին եւ արդարադատության նախարարին»:

«Ըստ ամենայնի, այդ հաղորդագրությունն ուղարկվել է քաղաքացի Հարություն Առաքելյանի կողմից՝ ակնհայտ սուտ տեղեկություններով»,- ասված էր հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությանը կից ներկայացվել էր Հարություն Առաքելյանի նամակը Հրայր Թովմասյանին, որտեղ նա հայտարարել էր, որ եթե իրեն չվերականգնեն ՀՌԱԿ ատենապետի պաշտոնում, ինքը փաստաթղթեր կհրապարակի:

«Երեկ ինձ հետ խորհրդավոր զրույց ունեցավ Կենտրոնի դատախազ Խաչիկյանը: Ասեմ, որ շատ վատ կազմակերպված «միջոցառում» էր... Հավանաբար չեք պատկերացնում, թե ում հետ գործ ունեք եւ ես ինչերի եմ պատրաստ` եթե 2 օրվա ընթացքում, օրենքի տառին համապատասխան Ձեր ենթակայության տակ գտնվող կառույցի միջոցով օրինական ուժ չստանա ս.թ. հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած ՀՌԱԿ 19-րդ արտահերթ Համագումարի երկրորդ նիստի որոշումները:

Իմ առաջարկը մնում է ուժի մեջ. կամ վավերացնում եք իմ ՀՌԱԿ ատենապետիս օրինական ընտրությունները, մոտենում ենք իրար եւ ամենքս անցնում է իր գործին... կամ ես ստիպված անցնում եմ իմ խոստումն ի կատար ածելուն... Կտեսնենք, թե ով ավելի շատ բան ունի կորցնելու»,- իր նամակում նշել էր Հարություն Առաքելյանը:

Բացի այդ, նա այսօր ասուլիս էր հրավիրել եւ հայտարարել, որ Արդարադատության նախարարությունում իրեն չեն հաստատում ՀՌԱԿ ատենապետի պաշտոնում, քանի որ ինքը տարիներ շարունակ բարձրաձայնել է «Նաիրիտի» հարցով 31 մլն դոլարի անհետացման մասին, դրանում մեղադրելով վարչապետ Տիգրան Սարգսյանին: