Ես չեմ հիշում, որ նման հարց կա խաղաղության պայմանագրի մեջ. մեր դիրքորոշումն այն է, որ մենք պատրաստ ենք բոլոր ճանապարհների եւ կոմունիկացիաների բացմանը, որը ձեռնտու է նաեւ Ադրբեջանին: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք համաձայնություն կայացել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատվիրակեն Սյունիքի ճանապարհը օտարերկրյա որեւէ կազմակերպության:
«Ես այս պահին որեւէ մեկնաբանություն դրա հետ կապված չեմ կարող անել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ դրա մասին խոսել է Փաշինյանը 2020-ին, Ալեն Սիմոնյանը նկատեց, որ դրանից անցել է 4 տարի եւ շատ ջուր է հոսել. «ՀՀ տարածքում որեւէ գործունեություն իրականացնելու համար մենք ստեղծել ենք ԱԱԾ-ի համապատասխան բաժին, որը պատասխանատու է եւ կարող է այդ գործառույթն իրականացնել: Եթե ինչ-որ պահի առաջարկ կլինի վերադառնալ այդ տարբերակին, դա կարող է լինել քննարկելի: Բայց չեմ կարծում, որ դա կարող է լինել տարածաշրջանային որեւէ երկիր»:




























