Նախագահին առընթեր Սեւանա լճի հանձնաժողովը օրերս արտագնա նիստ է հրավիրել Գեղարքունիքի մարզում, որին ներկա է գտնվել նաեւ Սերժ Սարգսյանը։ էկոհամակարգի տարբեր խնդիրների վերաբերյալ հանձնաժողովը ութ փաթեթ է կազմել ու ներկայացրել նախագահին։
Փաթեթներում ընդգրկված է նաեւ Սեւանա լճի մակարդակի բարձրացման գրաֆիկը։ Ըստ որի՝ լճի մակարդակը պետք է մինչեւ նախատեսված նիշը 1903,5 մ-ը բարձրացվի 23 տարում՝ մինչեւ 2031 թիվը։ 2001 թվականից մինչեւ այս տարվա հունվարի 1-ը լճի մակարդակը բարձրացել է 1, 35 սմ-ով, իսկ այսուհետ մինչեւ 2031 թվականը պետք է բարձրանա 4,65 մ-ով։ Միայն այս տավա ընթացքում մակարդակը բարձրացել է 38 սմ-ով, իսկ այսուհետ հանձնաժողովի որոշմամբ, յուրաքանչյուր տարի լճի մակարդակը պետք է բարձրանա 20 սմ-ով։ Այս երկարաձգված բարձրացման կապակցությամբ մտահոգություն է հայտնել հանձնաժողովի ընդամենը մեկ անդամ՝ «Կանաչների միություն» ՀԿ-ի նախագահ Հակոբ Սանասարյանը։ Վերջինիս գնահատմամբ, մակարդակի բարձրացումը ձգձգելով՝ փորձ է արվում փրկել մեծահարուստների ու պաշտոնյանների առափնյա շինությունները, որոնք լճի մակարդակի բարձրացման պատճառով վտանգված են։
Իսկ թե ինչու 23 տարում ու ոչ թե ավելի շուտ, Սեւանա լճի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը NEWS.am փոխանցեց. «Այդքան ջուր ունենք։ Մենք հաշվարկներով ենք արել, ցանկություններով չի։ Սեւանի տեղափոխածը եւ ոռոգման նպատակով բաց թողածը, գոլորշիացումներն ու ջրատվությունը հաշվարկելով, ինչպես նաեւ հաշվի առնելով պետհիդրոմետի մասնագետների եզրակացությունը, լճի մակարդակը պետք է բարձրանա 23 տարում, ավելին հնարավոր չէ։ Կարելի էր բարձրացնել 20 կամ 19 տարում, եթե Արփա-Սեւան թունելը մենք կառուցեինք ոչ թե 5 տարում, այլ 2,5»։ Ինչ վերաբերվում է առափնյա կառույցներին, ապա Մովսիսյանի խոսքով, հանձնաժողովը առաջարկել է փաստացի օրինականացված շինությունները պետականացնել ու փոխհատուցում տրամադրել, իսկ անօրինական կառույցներին ՝ ոչ, միայն պայմանագրեր կնքել, որ մարդիկ ապրեն անօրինական կառույցներում այնքան ժամանակ մինչեւ ջուրը հասնի իրենց շենքին, հետո ազատեն իրենց կառույցը։ Պարոն Սանասարյանն էլ կարծում է, որ այս կերպ հանձնաժողովը գործում է ի նպաստ օրինախախտների։



























