Օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ ցույցերի ավելի քան հարյուր մասնակիցներից միայն տասն է ճանաչվել տուժած, տեղեկացրել է NewsGeorgia-ն՝ հղում կատարելով Վրաստանի Հատուկ քննչական ծառայությանը։

Գերատեսչության տեղեկացմամբ՝ ապրիլ-մայիսին իրենք ստացել են 138 տեղեկություն ուժայինների կողմից ցուցարարների իրավունքների խախտումների մասին։ Բոլոր բողոքները միավորել են մեկ գործում։

Գործը հետաքննում են «պետական-քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի պաշտոնեական լիազորությունների չարաշահում» հոդվածով։

Հետաքննության առարկա են դարձել նաեւ հատուկջոկատայինների կողմից ցուցարարների ծեծի կադրերը, որոնք տարածել են տարբեր ԶԼՄ-ներ։

ՆԳՆ-ում տեղեկություն են հարցրել այն աշխատակիցների ինքնության մասին, ովքեր կատարել են ցուցարարների ձերբակալություններ եւ մասնակցել են քննության համար կարեւոր առանձին դրվագների։

Տեղեկություն է հարցվել որոշ հատուկջոկատայինների նույնականացման տվյալների եւ նրանց օգտագործած հատուկ միջոցների (այդ թվում ռետինե փամփուշտներ), ինչպես նաեւ ռացիաներով նրանց փոխանակած տեղեկության մասին։

Քանի որ ցույցերի ժամանակ հատուկջոկատայինները դիմակներով էին, նրանց կարելի է ճանաչել միայն կրծքի վրայի համարանիշով։ Դրա համար քննիչներն ուսումնասիրում են տեսախցիկների, ոստիկանական գրանցիչների եւ տարբեր ԶԼՄ-ների ձայնագրությունները։ Խոսքը 700 ժամանոց տեսանյութի մասին է։

Քննության համար կարեւոր հարցերով ծառայությունն իրականացնում է որոշ ոստիկանների հարցաքննություններ։

Ընդհանուր առմամբ հարցման է ենթարկվել 137 մարդ, այդ թվում 13 լրագրող։ Բուժզննում է անցել 78 քաղաքացի։

Օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ մասշտաբային բողոքները Վրաստանում շարունակվել են երկու ամիս։ Թբիլիսիում հանրահավաքները անցել են զանգվածային ձերբակալությունների ֆոնին։ Վրաստանի խորհրդարանի մոտ ցուցարարներին ցրել են հատուկ միջոցների կիրառմամբ։ Ուժայինների կողմից դաժանաբար ծեծի ենթարկվածների մեջ կան երկու ընդդիմադիր պատգամավորներ՝ Լեւան Խաբեիշվիլին եւ Ալեկո Էլիսաշվիլին։