Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ժերար Շտուդմանի գլխավորած պատվիրակությանը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարն ընդգծել է, որ լինելով եվրոպական կրթական տարածքի մաս, ՀՀ կրթության համակարգում առաջնային է դիտարկվում եվրոպական կառույցների հետ համագործակցության ընդլայնումը:
Նախարար Արմեն Աշոտյանը, ներկայացնելով մեր երկրում կրթական բարեփոխումների ընթացքը, նշել է, որ ՀՀ կառավարության կողմից կրթական ոլորտը դիտարկվում է գերակա ուղղություն: Նախարարը շեշտել է, որ կրթական բարեփոխումների կարեւոր ուղղություններից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: «Կրթության գերակայությունը ամրագրված է մեր պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրերում, օրենքներում եւ այլ փաստաթղթերում»,- մասնավորապես նշել է Ա. Աշոտյանը: Կրթական բարեփոխումների քաղաքականության համատեքստում կարեւորվել են հատկապես բարձրագույն կրթության համակարգում իրականցվող ծրագրերը, որոնք պայմանավորված են Բոլոնիայի գործընթացով: Նախարար Ա. Աշոտյանը ներկայացրել է Բոլոնիայի գործընթացի Հայաստանի եւ Լեհաստանի համանախագահության ընթացքում իրականցված եւ նախատեսվող միջոցառումները:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ժ. Շտուդմանը նշել է, որ Եվրախորհուրդը պատրաստակամ է շարունակել աջակցությունը Հայաստանում կրթական բարեփոխումների իրականցման գործին: Որպես կրթական բարեփոխումների բովանդակային բաղադրիչ, կարեւորվել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտը: Անդրադարձ է եղել նաեւ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում լրագրողական կրթության որակի բարելավմանը` այն դիտարկելով խոսքի ազատության եւ ժողովրդավարական ինստիտուտների կայացման կարեւոր խթան:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրախորհուրդ 2012-2013 թվականների համագործակցության ծրագրի այլ ուղղություններ եւս:




























