Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր` նոյեմբերի 22-ին կայացել է «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ընդդեմ «Ժամանակ» թերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով դատական նիստը:
Այսօրվա նիստում վկայություն է տվել հայցի պատճառ դարձած լուրի հեղինակ, լրագրող Արման Գալոյանը: Վերջինս նշել է, թե եղել է Գյումրիի «Մուշ-2» նորակառույց թաղամասում, որտեղ բնակարաններից մեկի բնակիչները դժգոհել են շինարարական ընկերությունից` հայտնելով, որ իրենց 1000 դոլար է առաջարկվել առաստաղի փլուզումը կոծկելու համար: Նա նշել է, որ այցելել է Գյումրի զրուցել է բնակիչների հետ, արել է ձայնագրություններ, սակայն դրանք չեն պահպանվել, քանի որ 1 տարուց ավելի ժամանակ է անցել: Նա նաեւ նշել է, որ չգիտի այն մարդկանց անուն-ազգանունները, որոնց հետ խոսել է: Ըստ Արման Գալոյանի, նրանք իրեն հայտնել են, որ «Գլենդել-Հիլզը» խոստացել է վերանորոգել իրենց բնակարանը:«Գլենդել Հիլզին» Ա. Գալոյանը չի դիմել:
Մյուս վկան` Գյումրիի բնակիչ Մուրադ Գրիգորյանը հայտարարել է, որ ինքը ներկա է եղել, երբ բնակիչները լրագրողների հետ զրույցում բողոքում էին, սակայն մի փոքր հեռու է գտնվել եւ խոսակցությունը չի լսել: Այսօր դատարան հրավիրված մյուս վկաները չէին ներկայացել, եւ դատավորը նիստը հետաձգել է մինչեւ դեկտեմբերի 14-ին, ժամը 16-ը:
Նշենք, որ «Գլենդել Հիլզ»-ը հայց է ներկայացրել «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դեմ գործարար համբավն արատավորող տեղեկությունները հերքելու եւ պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին: Ընկերությունը թերթից պահանջում է 2 մլն. դրամ եւ դատական ծախսերի փոխհատուցում:



























