Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` նոյեմբերի 23-ին, Գարեգին Բ-ն ընդունել է Եվրոպական ժողովրդական կուսակցության պատվիրակությանը` Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի ուղեկցությամբ:

Մայր աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն գոհունակություն է հայտնել Հայաստանի կուսակցությունների` ԵԺԿ-ին անդամագրվելու գործընթացի սկզբնավորման առիթով:

Նորին սրբությունը նշել է, որ քրիստոնեական հավատի եւ բարոյականության վրա խարսխված մեր եւ եվրոպական արժեքների նույնությունն ավելի դյուրին պիտի դարձնի Հայաստանի կուսակցությունների եւ ԵԺԿ-ի միջեւ նախանշվող համագործակցության իրականացումը:

Ապա ԵԺԿ փոխնախագահ Եվրախորհրդարանի պատգամավոր Քորիան Ուորթման-Կուլը պատվիրակության անդամների անունից շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` անդրադառնալով պատվիրակության փաստահավաք առաքելությանը: Իր խոսքում նա կարեւորությամբ ընդգծել է նաեւ, որ քրիստոնեական արժեքները ԵԺԿ-ի հիմքն եմ կազմում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Մայր աթոռում պատմական առաքելությանը, եկեղեցական կյանքի ներկայիս վերակազմակերպման աշխատանքներին, ինչպես նաեւ միջեկեղեցական հարաբերություններին եւ միջկրոնական երկխոսության մեջ Հայ Եկեղեցու մասնակցությանը: