Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր` նոյեմբերի 23-ին, այցելել է Կոտայքի մարզի Բյուրեղավան եւ Հրազդան համայնքներ, ծանոթացել մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով իրականացվող աշխատանքներին:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բյուրեղավանում ընթացքի մեջ են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները, որի համար 64,5 մլն դրամ էր հատկացվել ծրագրի առաջին, 50 մլն դրամ` երկրորդ մասով, ներդրումներ է կատարել նաեւ համայնքը: Աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի, արդյունքում համայնքը կունենա ընդլայնված եւ անհրաժեշտ պայմաններով ապահովված մանկապարտեզ: Հրազդանում ծրագրի երկրորդ մասով վերանորոգվում է թիվ 2 դպրոցը, որի համար հատկացվել է 40 մլն դրամ, աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ:
Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ մարզի համայնքային բյուջեների 2011թ. տասն ամիսների կատարողականի ցուցանիշները: Նոյեմբերի 1-ի դրությամբ Կոտայքի մարզի համայնքների բյուջեների փաստացի մուտքերի հավաքագրման կատարողականը կազմել է 100 %, հավաքագրվել է 3,8 մլրդ դրամ:
Սեփական եկամուտների կատարողականը կազմել է 97, 8%, հավաքագրման մակարդակը 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,4 %-ով: Սակայն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հողի հարկի (կատարողականը` 94.7%) եւ գույքահարկի (կատարողականը` 96.4%) հավաքագրման մասով որոշակի նվազում է նկատվել` համապատասխանաբար 2 եւ 2,2 տոկոսով: Հողի հարկի հավաքագրման մասով նվազում է արձանագրվել Աբովյան, Հրազդան, Մարմարիկ, Քաղսի, Սոլակ, Բջնի, Ֆանտան, Արամուս, Գառնի, Գողթ, Հատիս, Ջրվեժ, Գետամեջ, Զովունի, Նոր Գեղի, Պռոշյան, Նոր Արտամետ համայնքներում, գույքահարկի մասով` Աբովյան, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Եղվարդ, Արզական, Կոտայք, Ձորաղբյուր, Ջրվեժ, Գետամեջ, Զովունի համայնքներում: Փոխվարչապետն ընդհանուր առմամբ դրական համարելով հավաքագրումների մակարդակը` պատասխանատուներին հանձնարարեց ուշադրություն դարձնել հատկապես վերոնշյալ երկու հարկատեսակների մասով ցուցանիշների բարելավմանը:
Տեղեկություններ ներկայացվեցին նաեւ գյուղատնտեսական տարվա արդյունքների մասին: Մարզում կատարվել է 6200 հա աշնանացան` 932 հեկտարով ավելի, քան նախորդ տարի: Այս տարի առատ է եղել նաեւ բերքը. արտադրվել է 20 448 տոննա հացահատիկ` նախորդ տարվա 11 031 տոննայի դիմաց, 28 306 տոննա բանջարեղեն` 8556 տոննայի դիմաց, 10 543 տոննա պտուղ` 8500 տոննայի դիմաց: Փոխվարչապետին զեկուցվեց նաեւ սերմացուի վերադարձելիության եւ բաշխման, ոռոգման ջրի վարձավճարների գանձման, գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին:




























