Սփրեդը կամ «փափուկ կարագը», ինչպես շատ հաճախ դրան անվանում են, մեր կենցաղում հայտնվել է մոտ 2 տարի առաջ: Այնինչ Արեւմուտքում այն տարածված սննդամթերք է ու վաղուց է հայտնի: «Սփրեդ» բառն առաջացել է անգլերեն to spread` «քսել» բառից: Սկզբնապես սփրեդ անվանում էին բոլոր այն սննդատեսակները, որոնք կարելի էր դանակով քսել հացի վրա (օրինակ` ջեմը կամ կարագը): Սակայն այնուհետ որոշ երկրներում, այդ թվում` Ռուսաստանում «սփրեդ» տերմինը սկսեցին կիրառել շատ կոնկրետ մի սննդատեսակի վրա, որը ստացվում է բուսական յուղերից, սակայն կարող է նաեւ կաթնային յուղերի հետ խառնվել: Սփրեդում յուղային զանգվածը պետք է կազմի ընդհանուր զանգվածի 39-95 տոկոսը: Բացի յուղից` սփրեդում կարող են ավելացվել նաեւ այլ նյութեր` վիտամիններ, արոմատիզատորներ, համային բաղադրիչներ:
Քանի որ սփրեդը առավելապես բուսական ծագում ունի, կարագի համեմատ ավելի էժան է: Սակայն նշենք, որ բարձրակարգ սփրեդը շատ դեպքերում ավելի թանկ է, քան վատորակ կարագը: Սփրեդը կարագից կարելի է տարբերել հետեւյալ կերպ` սփրեդը միշտ էլ փափուկ է, նույնիսկ սառնարանից հանելուց հետո: Շատ երկրներ օրենսդրորեն արգելում են սփրեդի տուփի վրա նշել «կարագ» անունը:
Ընդհանուր առմամբ` սփրեդը համարվում է օգտակար սննդամթերք, որում որպես կանոն բացակայում է խոլեստերինն ու կենդանական ճարպը: Կան երկրներ, որտեղ սփրեդը շատ ավելի տարածված է, քան կարագը: Սակայն եթե սփրեդի պատրաստման տեխնոլոգիաները չպահպանվեն` ապա հնարավոր են առողջության համար վտանգավոր հետեւանքներ: Սփրեդը մարգարինից տարբերվում է նրանով, որ նրանում սահմանափակվում են լուծվող յուղերի եւ ճարպաթթուների քանակը:
«Սփրեդ» անվանումն ինքնին ճշտման կարիք ունի, քանի որ երբեմն դրանց տակ ներառում են բոլոր տեսակի հալեցված խառնուրդները, օրինակ` մարգարինի հավելումով: Հայաստանի կառավարության կողմից 2011 թ. հաստատված «Սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգ»-ում սփրեդը թարգմանված է որպես «ճարպային էմուլսիա», որի մեջ ներառվում են եւ կարագը, եւ մարգարինը, եւ «ճարպային էմուլսիաների հիմքով խառնակազմ մթերքները»: Այսպիսով` Հայաստանում «սփրեդ» հասկացությունը իրավաբանորեն հստակեցված չէ, իսկ դա նշանակում է, որ տնտեսվարողները դրա տակ կարող են իրացնել նաեւ առողջության համար վտանգավոր խառնուրդ հանդիսացող մթերքներ:
Շնորհիվ ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի վերջին վարույթի` սփրեդը բավական հայտնի դարձավ հայ հանրությանը: Սակայն նշենք, որ ՏՄՊՊՀ-ն չի ուսումնասիրել սփրեդի բաղադրությունը, որը մեծ հաշվով նրա գործառույթների մեջ չի մտնում: ՏՄՊՊՀ-ն ուղղակի ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ վաճառվող մթերքը կովի կաթից չէ, ու հետեւաբար` կարագ չի կարող լինել: Բայց արդյո՞ք դրանք մաքուր սփրեդներ են` այս հարցի պատասխանը պետք է տա գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչությունը:
Մոտ 10 տնտեսվարողներ ՏՄՊՊՀ-ի կողմից տուգանվեցին, յուրաքանչյուրը 3 մլն դրամով: Փորձագետների մեծ մասի կարծիքով`այդ տուգանքը շատ քիչ է, իսկ իրենք` տնտեսվարողները դա շատ են համարում: Օրինակ` «Սթար» սուպերմարկետը տարածել է հաղորդագրություն, որում տուգանքի չափը բնութագրել է որպես «ահռելի»:
Նկատենք, որ սփրեդի ու միջին որակի 1 կգ կարագի գնի միջեւ մոտ 1500 դրամի տարբերություն կա: Այսինքն` այդ 3 մլն դրամը ընդամենը 2 տոննա «սխալ» իրացման հավելյալ շահույթն է: Ըստ պաշտոնական վիճակագրության` Հայաստանը ամսական սպառում է 450 տոննա կարագ, բայց թե դրա որ մասն է իրականում սփրեդ` հայտնի չէ: Եթե հաշվի առնենք, որ կարագի փոխարեն սփրեդի մատուցումը բավական «հին» պատմություն ունի, 3 մլն դրամ տուգանքը այնքան էլ բարձր չէ: Որոշ տնտեսվարողների ավելի շատ վախեցնում է այն հանգամանքը, որ այսուհետ նման խախտումներ անելը շատ ավելի վտանգավոր է, իսկ դա «հեշտ փողերի» կորուստ է նշանակում:
Սակայն նկատենք` եթե դաշտը «մաքրվում է», ապա բարեխիղճ տնտեսվարողները շահում են: Օրինակ` սա նաեւ շանս է այն տնտեսվարողների համար, որոնք լրջորեն ցանկանում են զբաղվել կարագի արտադրությամբ ու ի վիճակի չեն դա անել էժան սփրեդի հետ մրցակցությանը չդիմանալով: Կարծում ենք` սփրեդի բիզնեսը նույնպես հեռանկար ունի, քանի որ բարձրորակ սփրեդի նկատմամբ պահանջարկ միշտ էլ կլինի:
Սամվել Ավագյան



























