Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը օրեր առաջ զբաղեցրած պաշտոնից ազատել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի կադրերի գծով տեղակալ Արսեն Ղազարյանին, որից հետո տրամագծորեն հակառակ խոսակցություններ էին տարածվել:
Ըստ լուրերի` Ղազարյանին առաջիկայում ավելի բարձր պաշտոնի պիտի նշանակեն, թեեւ որոշ լրատվամիջոցներում նշվում էր, որ Ղազարյանին հեռացրել են, որովհետեւ «իրեն լավ չի դրսեւորել եւ ոստիկանություն դիմած նոր կադրերի հետ շատ կոպիտ է խոսել՝ պաշտոնյային ոչ հարիր ձեւով»:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արսեն Ղազարյանը հերյուրանք անվանեց վերջին տեղեկությունը: «Չգիտեմ, թե ով է նման հերյուրանքներ տարածել, նման բան չկա: Կա հրաման` ազատել պաշտոնից եւ վերցնել կադրերի տրամադրության տակ»,- նշեց նա:
Իսկ հարցին, արդյոք իրեն առաջարկ եղե՞լ է ոստիկանական համակարգում այլ աշխատանքի անցնելու վերաբերյալ, Ղազարյանը պատասխանեց. «Ոստիկանապետն է որոշում, նաեւ հետագան է որոշում: Ես չեմ կարող դրա մասին ասել, եթե ոստիկանապետը որոշի, որ ես գնամ Մեղրիում աշխատել, ուրեմն ես կենթարկվեմ: Ոստիկանապետը կորոշի ավելի բարձր պաշտոնի նշանակել, հավասարազոր պաշտոնի նշանակել կամ պաշտոնի իջեցումով, կկատարեմ իմ ծառայությունը»:
Արսեն Ղազարյանը նաեւ չնշեց պատճառաբանությունը, թե ինչու են ազատել զբաղեցրած պաշտոնից` նշելով, որ ինքը զինվորական է եւ ենթարկվում է հրամանին:




























