Մոսկվան Կենտրոնական Ասիայից Ուկրաինայի հետ պատերազմին հազարավոր ներգաղթյալների է ուղարկում, որպեսզի քաղաքականապես ավելի ակտիվ մարդկանց ռազմաճակատ չտանի։ Դրա մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը X-ի միկրոբլոգում։
Ըստ ամփոփագրի՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավական ֆորումում, Ռուսաստանի քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել է, թե ռուսական իշխանությունները հայտնաբերել են 30 հազար ներգաղթյալների, որոնք վերջերս դարձել են Ռուսաստանի քաղաքացի և զինվորական հաշվառվման չեն եղել։
Բաստրիկինը նաև պարծեցել է, թե ներգաղթյալներից 10 հազարին արդեն ուղարկել են Ուկրաինա։ Նա պնդել է, թե այդ ներգաղթյալները խրամատներ են փորելու և թիկունքում զանազան պարտականություններ են կատարելու։
Ըստ բրիտանական հետախուզության, ռուսական անկախ լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ անվտանգության ուժերն իրավական ոտնձգությունների արշավ են ձեռնարկում ներգաղթյալների, հատկապես՝ Կենտրոնական Ասիայից եկածների նկատմամբ, փորձելով քաղաքացիության դիմաց նրանց մղել զինվորագրվելու ռուսական բանակին՝ կամ խուսափել կեղծ մեղադրանքներով ձերբակալությունից:
«Սա, ըստ ամենայնի, ևս մեկ հնարամիտ միջոց է՝ խթանելու համար հավաքագրումը բանակ, միևնույն ժամանակ փորձելով սահմանափակել ազդեցությունը Ռուսաստանի քաղաքականապես ավելի ակտիվ բնակչության հատվածների վրա», - նշում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը:
Հիշեցնենք, որ Կրեմլը ձգտում է խուսափել ժողովրդականություն չվայելող զորահավաքի երկրորդ ալիքից. 2022 թվականի սեպտեմբերին 300 հազար ռուսաստանցիների զորակոչը խուճապ առաջացրեց և շատերին ստիպեց փախուստի դիմել երկրից։ Փոխարենն իշխանությունները փորձում են մարդկանց բանակ գրավել փողով։ Մոսկվան միաժամանակ ձգտում է ներգաղթյալներին ստիպել կռվել Ուկրաինայում։





























