Վանաձոր քաղաքում մի քանի ժամ է, ինչ առատ ձյուն է տեղում: Շատ կարճ ժամանակահատվածում ներքաղաքային մի շարք փողոցներ հասցրել են սառցակալել, կաթվածահար անելով երթեւեկությունը: Մեր թղթակիցը ժամը 20:00-ի դրությամբ շրջել է քաղաքի մի շարք փողոցներում, որոնցից շատերը անանցանելի էին մերկասառույցի պատճառով:
Վարորդների համար հատկապես դժվարանցանելի են Վանաձորի Դիմաց թաղամաս բարձրացող Աղայան փողոցը, Տարոն 4 տանող ճանապարհը, ինչպես նաեւ Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց եւ թիվ երկու պոլիկլինիկա տանող ճանապարհները: Նշված փողոցները համարվում են ծայրամասային:
Մերկասառույցի պատճառով քաղաքում վերջին ժամերին տեղի են ունեցել մի քանի ավտովթարներ, որոնցից մեկը Վանաձորի Կարեն Դեմիրճյանի, իսկ մյուսը` Աղայանի փողոցներում: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:
NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության եւ բարեկարգման բաժնի պետ Լյովա Մելիքյանը տեղեկացրեց, որ արդեն ձյուն մաքրելու աշխատանքներին ներգրավված են 2 միավոր տեխնիկա, որոնք աշխատում են քաղաքի տարբեր հատվածներում:
«Մեկ ժամվա ընթացքում քաղաքի բոլոր փողոցները կդառնան երթեւեկելի, հիմա մենք աղ ու ավազ ենք ցանում»,-ասաց նա:
Մեր այն դիտարկմանը, թե մեկ ժամ առաջ մի շարք փողոցներում աղալցման հետք անգամ չկար, Մելիքյանը նշեց, որ արդեն մեքենաներն այդ փողոցների վրա են աշխատում: Նկատենք, որ փողոցներից ավելի սառցակալած են մայթերը, որոնք, ըստ բնակիչների, այդպես էլ չեն մաքրվի այսօր:































