Եվրահանձնաժողովը հաստատել է, որ հուլիսի 5-ից բարձր մաքսատուրքեր կսահմանվեն չինական մարտկոցներով էլեկտրական մեքենաների (BEV) համար։ Այս ճակատագրական որոշումը կփոխի Պեկինի հարաբերությունները Բրյուսելի հետ և Չինաստանը վրեժ կլուծի եվրոպական արտադրողներից, գրում է Euronews-ը։
Դեռ հունիսի սկզբին հայտարարված այս քայլը խոր հետաքննության արդյունքն է, երբ պարզվել է, որ սուբսիդիաները հոսում են Չինաստանում արտադրվող BEV-ների թե՛ ներքին, և թե՛ արտասահմանյան ընկերությունների մատակարարման շղթայի մեջ: Ըստ ԵՄ պաշտոնյաների՝ Չինաստանի կառավարության ներդրած փողը հայտնաբերվել է ամենուր՝ մարտկոցներ պատրաստելու համար անհրաժեշտ հումքի արդյունահանումից ընդհուպ պատրաստի արտադրանքը եվրոպական ափեր առաքող ծառայություններ:
Սուբսիդիաների մասշտաբը չինացի արտադրողներին հնարավորություն է տալիս իրենց էլեկտրական մեքենաներն առաջարկել զգալիորեն ցածր գներով, քան ԵՄ-ում հավաքված մեքենաները, որտեղ էներգիայի և աշխատուժի ծախսերն անհամեմատ բարձր են: Գնային ճեղքվածքն, ըստ Եվրոպական հանձնաժողովի, 2020 թվականին հանգեցրել է չինական BEV-ի ներմուծման աճին՝ 2023 թվականի վերջին շուկայի 3,9%-ից հասնելով 25%-ի:
Էժան ներմուծման այս ալիքը տնտեսական վնասի սպառնալիք է ԵՄ մրցակիցների համար, ինչը կարող է հանգեցնել մեծ կորուստների և հղի է մինչև 12 միլիոն աշխատատեղերի կորստի, նախազգուշացնում է ԵՄ գործադիր իշխանության մարմինը:
Ուստի սակագներն անհրաժեշտ են սուբսիդավորում ստացողների առավելությունների փոխհատուցման համար:
Հինգշաբթի հրապարակված որոշումը նախատեսում է տարբերակված մաքսատուրքեր՝ հաշվարկված մայր ընկերության տարեկան շրջանառությունից և ստացված սուբսիդիաների գնահատված չափից։ Դրանք կկիրառվեն ի լրումն գործող 10-տոկոսանոց դրույքաչափի.
BYD-ի համար մաքսատուրքը կկազմի 17,4%, Geely-ի համար՝ 19,9%, իսկ SAIC-ի համար՝ 37,6%։
Իսկ էլեկտրական մեքենաների այլ չինական արտադրողների համար, որոնք համագործակցել են հետաքննության հետ, սակայն առանձին նմուշառված չեն եղել, մաքսատուրքը կկազմի 20,8%։
Իսկ Չինաստանում BEV այլ արտադրողների համար, որոնք հետաքննության հետ չեն համագործակցել, նրանց համար սահմանված մաքսատուրքը կկազմի 37,6%։
Այս միջոցների կիրառումն առայժմ ժամանակավոր բնույթ կունենա։ Մաքսային մարմինները չինացի արտահանողներից ոչ թե կանխիկ գումար, այլ բանկային երաշխիքներ են պահանջելու: Սա նշանակում է, որ վերջնական հաճախորդները թերևս անմիջապես չնկատեն իրենց գրպանի փոփոխությունները:
ԵՄ երկրներն այս հարցի շուրջ առաջին քվեարկությունը կանցկացնեն երկու շաբաթվա ընթացքում։ Դա պարտավորեցնող ուժ չի ունենա, այլ կծառայի քաղաքական իրավիճակի փորձարկմանը։ Մաքսատուրքերն ուժի մեջ կմնան մինչև նոյեմբերին վերջնական որոշման ընդունումը, որով անդամ երկրները որակավոր գերակշիռ ձայներով կարող են արգելափակել։
Ըստ ամենայնի, Գերմանիան և Հունգարիան դեմ կլինեն դրան, թեև դա կարող է բավարար չլինել՝ նախաձեռնությունը տապալելու համար: Առնվազն 15 պետությսւն կարող է նման քայլի դիմել:
Այդ ընթացքում Բրյուսելն ու Պեկինը կքննարկեն հնարավոր լուծումները, որոնց շնորհիվ գուցե հնարավոր լինի կանխելու մաքսատուրքերի մշտական սահմանումը։
«Մենք շարունակում ենք ինտենսիվորեն համագործակցել Չինաստանի հետ՝ փոխադարձ ընդունելի լուծում գտնելու համար», - հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի՝ առևտրի համար պատասխանատու գործադիր փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը: «Մեր հետաքննության ցանկացած արդյունք, որին կհասնենք բանակցությունների միջոցով, պետք է հստակ և ամբողջությամբ հաշվի առնի ԵՄ մտահոգությունները և համապատասխանի Առևտրի համաշխարհային կազմակերպության սահմանած կանոններին», -ասում է նա:
Ընդսմին, հույսը, որ գործարք կկնքվի՝ առանձնապես մեծ չէ: Չինական կողմը վիճարկել է հետաքննության ձևն ու էությունը՝ այն անվանելով «մերկ հովանավորչական ակտ», որն արհեստական կերպով ստեղծել և ուռճացրել են այսպես կոչված սուբսիդիաները: Պեկինը խոստացել է, որ չինական ընկերությունների օրինական իրավունքները և շահերը վճռականորեն պաշտպանելու համար կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները։





























