«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ներկայումս «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող Նիկոլ Փաշինյանի՝ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող դատավարության ըթնացքում ոստիկանները քաշքշել են դրսում հավաքված 2008թ. մարտի 1-ի զոհերի հարազատներին:

Մարտի 1-ի զոհերի հարազատները հենց դատարանի մոտ մեծ պաստառ էին բարձրացրել, որի վրա գրված էր «Իշխանություններ, դուք եք սպանել մեր որդիներին»: ՊՊԾ գնդի փոխհրամանատար Վալերի Օսիպյանը հրահանգել է զոհերի հարազատներին՝ անմիջապես հանել այդ պաստառը, քանի որ «դա վիրավորում է պետականությունը»: Զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը հայտնել է, որ հենց ինքն է պաստառի հեղինակը, քանի որ համոզված է, որ իր որդուն սպանել են իշխանությունները, եւ մտադիր չէ թաքցնել պաստառը: Ինչեւէ, ոստիկանների եւ դրսում հավաքվածների միջեւ թեթեւ ընդհարում է տեղի ունեցել, եւ իրավիճակը չսրելու համար զոհերի հարազատները թաքցրել են պաստառը:

Իսկ դատավոր Մնացական Մարտիրոսյանն արդեն դահլիճում լսել է միայն ոստիկան վկա Արթուր Մադաթյանին, որը նույնպես հակասական ցուցմունքներ է տվել: Վկան հայտարարել է, թե 2007թ. հոկտեմբերի 23-ին ընդդիմության ներկայացուցիչները խախտել են հասարակական կարգը, ինչի համար ոստիկանները զգուշացրել են նրանց: Սակայն վկան խուճապի է մատնվել պաշտպանների հարցերից եւ անհասկանալի պատասխաններ տվել: Ի դեպ, նա հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանին հոկտեմբերի 23-ին չի տեսել:

Հիշեցնենք, որ ՀԺ-ի խմբագիրը 2008թ. մարտի 1-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվելուց բացի, մեղադրվում է նաեւ 2008թ. հոկտեմբերի 23-ին ոստիկաններից մեկին հարվածելու մեջ: Այդ օրը ընդդիմության ներկայացուցիչները իրազեկում էին հանրահավաքի մասին, երբ Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկում նրանց վրա էին հարձակվել ոստիկանները եւ բռնություն գործադրել:

Նշենք, որ այսօր դատարան չէին ներկայացել դատակոչված մյուս վկաները, եւ Մարտիրոսյանը նիստը հետաձգել է մինչեւ նոյեմբերի 12-ը, ժամը 12-ը:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի