ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը հայտարարել է, որ ռուսական հրթիռային հարձակումները Ուկրաինայի վրա, այդ թվում՝ Կիևի գլխավոր մանկական հիվանդանոցի վրա, «սարսափելի հիշեցում են Ռուսաստանի դաժանության մասին»:
«Ռուսաստանի հրթիռային հարվածները, որոնք այսօր տասնյակ ուկրաինացիներ են սպանել, զոհեր ու ավերածություններ են առաջացրել Կիևի ամենամեծ մանկական հիվանդանոցում, սարսափելի հիշեցում է Ռուսաստանի դաժանության մասին», - ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կողմից, հաղորդում է Ամերիկայի ձայնը:
Բայդենն իր հայտարարության մեջ ավելացրել է, որ Վաշինգտոնը և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցներն այս շաբաթ կհայտարարեն նոր միջոցների մասին՝ ուժեղացնելու Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը։
«Կարևոր է, որ աշխարհը շարունակի աջակցել Ուկրաինային այս կարևոր պահին, և մենք չանտեսենք ռուսական ագրեսիան»,- ասել է ԱՄՆ նախագահը։
Երկուշաբթի կեսօրին ռուսական հրթիռը խոցել է Կիևի հիվանդանոցը, և հրթիռների տարափ է տեղացել նաև Ուկրաինայի այլ քաղաքների վրա: Վերջին ամիսների ընթացքում օդային հարվածների ամենամահաբեր ալիքը խլեց առնվազն 41 խաղաղ բնակիչ: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր զորքերը հարձակումներ են իրականացրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտների և ավիացիոն բազաների վրա։





























