Երեւանի թիվ 10 ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված՝ կապի եւ տրանսպորտի նախկին նախարար Էդուարդ Մադաթյանը եւս հնարավորություն չի ունենա գրանցվել որպես թեկնածու, քանի որ Հայաստանի ոստիկանությունը մտադիր է նրան էլ տեղեկանք չտրամադրել Հայաստանում վերջին 5 տարում բնակվելու վերաբերյալ: Հայաստանի փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե իր տեղեկություններով, անձնագրային վարչությունը տեղեկանք չի տրամադրել նաեւ Էդուարդ Մադաթյանին:

Մադաթյանը տեւական ժամանակ գտնվում էր փախուստի մեջ, քանի որ մեղադրվում էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ մահափորձ կազմակերպելու համար, եւ Հայաստան է վերադարձել միայն իր խնամու՝ Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի ջանքերով:

Հիշեցնենք, որ Իջեւանի ոստիկանությունը հրաժարվել էր մշտական բնակչության տեղեկանք տրամադրել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին՝ դա պատճառաբանելով մեկուկես տարի Հայաստանից բացակայելու հանգամանքով:

Եթե ոստիկանությունը տեղեկանք չտրամադրի Փաշինյանին եւ Մադաթյանին, ապա այդ ընտրատարածքում հունվարի 10-ին իրար դեմ կպայքարեն միայն չորս թեկնածուներ՝ Հմայակ Հովհաննիսյանը, մարքսիստ Դավիթ Հակոբյանը, դերասան Վլադիմիր Կոստանյանն ու Արա Սիմոնյանը՝ «Ազգային Միաբանություն»-ից: