«Տամիֆլյու» դեղամիջոցը, որ ներկայումս համարվում է A/H1N1 համաճարակային վարակի՝ «խոզի գրիպի» դեմ հիմնական դեղամիջոցը, ծայրահեղ բացասական ազդեցություն է թողնում երեխաների վրա: Նման եզրահանգման, ըստ Daily Mail-ի, հանգել են բրիտանացի գիտանականները: Նրանց տվյալներով, «Տամիֆլյու» հակագրիպոզ դեղամիջոցն ընդունած երեխաների մոտ քնի եւ մարսողական համակարգի խանգարումներ են նկատվում:
Բացի այդ, ինչպես հայտնում են հետազոտողները, շատ երեխաներ դեղամիջոցն ընդունելուց հետո խնդիրներ են ունենում կենտրոնացման հետ, եւ ընկնում է դպրացական առաջադիմությունը: Այժմ բժիշկներն ուսումնասիրում են դեղի ազդեցությունը լյարդի վրա:
Հարկ է նշել, որ նման արդյունքներ են արձանագրվել ճապոնացի մասնագետների հետազոտությունների ժամանակ: Այդ կապակցությամբ երկրում արգելել են դեղամիջոցը տալ 10-ից 19 տարեկան հիվանդ երեխաներին, քանի որ հենց այդ տարիքի երեխաներն են ակտիվորեն արձագանքել դեղի ազդեցությանը:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին հայտարարել է, թե երկրում 7,5 հազար դոզա «Տամիֆլյու» կա, եւ առաջիկայում եւս 20 հազար դոզա է ներկրվելու: Քուշկյանը նկատել է, թե ծայրահեղ դեպքերի համար բանակցություններ են վարվում այդ դեղի փոխարինողների ներկրման ուղղությամբ:,
Այսօր ողջ աշխարհում մի շարք արդյունավետ դեղամիջոցներ կան վարակի դեմ պայքարելու համար, որոնց թվում են ռուսաստանյան «Արբիդոլ», հունգարական «Ինգավիրին» դեղերը, սակայն Հայաստանում գրանցված է միայն «Տամիֆլյու»-ն, որի մեկ տուփը՝ 10 դեղահաբերով, Երեւանի դեղատներում վաճառվում է մոտ 15 հազար դրամով:



























